Տպել
06.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայ - ֆրանսիական բարեկամությունը վերընթաց եւ հարաճուն զարգացում է ունենում»

Հունիսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահն իր ցավակցությունը հայտնեց Ատլանտյան օվկիանոսում «Էյր Ֆրանս» ընկերության ինքնաթիռի վթարի հետեւանքով տեղի ունեցած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների եւ անձամբ պրն. Ռոշբլուանի դերակատարությունը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Հ. Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը վերընթաց եւ հարաճուն զարգացում է ունենում:

Այնուհետեւ, պրն. Ռոշբլուանի խնդրանքով Հայաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Զրույցի ընթացքում կողմերը մանրակրկիտ քննարկեցին Հայատանի եւ Ֆրանսիայի օրենսդիրների համագործակցության հարցերը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Պրն. Աբրահամյանի նախաձեռնությամբ նրանք նաեւ արծարծեցին երկու երկրների բարեկամության պատգամավորական խմբերի անելիքները:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը: