Տպել
18.05.2009
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի կենսագրությունը


Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզ):

1982թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ինժեներ-մեխանիկ: Պարգեւատրվել է ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2005թ.) եւ ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006 թ.):

1982-1990թթ. աշխատել է Երեւանի հիդրոապարատների գործարանում ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ.` Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի բաժնի վարիչ,1998-2003թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրաակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ:

2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:  ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ: 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: ՀՀԿ խմբակցության քարտուղար: ՀՀԿ խորհրդի անդամ:

2009թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: