Տպել
07.05.2009
«Քաղաքական սերնդափոխության ակումբ» հ/կ-ի անդրանիկ նիստը խորհրդարանում

Մայիսի 7-ին մի խումբ քաղաքական գործիչների եւ երիտասարդների նախաձեռնությամբ կայացավ «Քաղաքական սերնդափոխության ակումբ» հ/կ-ի \\\\\\\\ նիստը` օրակարգում ունենալով «Քաղաքական սերնդափոխության ակումբ» հիմնադրելու մասին հռչակագրի հաստատման հարցը: Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հ/կ-ների անդամներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը «Քաղաքական սերնդափոխության ակումբի» հիմնադիր ժողովի մասնակիցներին բարձրաձայնեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը.

«Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Ողջունում եմ քաղաքականությամբ զբաղվող ակտիվ մարդկանց միջեւ ուղղակի եւ անմիջական կապ ստեղծելու ձեր այս նախաձեռնությունը:

Դուք ստեղծում եք մի նոր միավոր` հասարակության ինքնակազմակերպման գործիք: Ազգային ժողովը եւ ես` մեր ամբողջ կարողություններով, պատրաստ ենք նպաստել նման ինքնուրույն միավորների կայացմանը եւ չենք խնայի դրա համար որեւէ ջանք ու եռանդ:

Ձեր հռչակած գաղափարը` սերնդեսերունդ կուտակվող փորձի փոխանցումը, բարի եւ ազնիվ է: Այդ փողոցը երկկողմ շարժում է ենթադրում. եթե ավագները երիտասարդներին են փոխանցում իրենց փորձն, ապա դրան ի պատասխան ակնկալում են նոր գաղափարներ, նախաձեռնություններ եւ մտահղացումներ:

Հայ հանրությունն ավանդապաշտ է: Հարգանքը մեծի` գիտելիք ու փորձ կրողների հանդեպ մենք կլանել ենք մանուկ հասակից: Այդպես են մեզ դաստիարակել մեր ծնողները: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ երիտասարդները պետք է մի կողմ քաշվեն եւ սպասեն, թե ավագներն ինչ-որ որոշումներ կկայացնեն:

Յուրաքանչյուր քաղաքացի, իսկ երիտասարդներն առաջին հերթին, պետք է ներգրավվեն բոլոր քաղաքական գործընթացների մեջ: Ավելին` ակտիվ քաղաքականության մեջ երիտասարդ սերնդի մուտքը խրախուսելը պետք է լինի ավագների առաջնահերթ խնդիրը:

Մենք պետք է միասին աշխատենք հանուն ապագայի քաղաքացու դաստիարակության: Իսկ ապագայի` մեր երազած Հայաստանի քաղաքացիները ձեւավորվում են այսօր, միգուցե հենց այս դահլիճում:

Մենք միասին պետք է պատասխաններ ու լուծումներ գտնենք մեր առջեւ ծառացող մարտահրավերներին` գործի դնելով ավագների փորձն ու երիտասարդների ավյունը:

Հաջողություն եմ մաղթում «Քաղաքական սերնդափոխության ակումբ»-ին: Վստահ եմ, որ այն իր լուման կներդնի մեր անկախ պետականության ամրապնդման եւ մեր երկրի զարգացման գործին»:


«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հ/կ նախագահ Կորյուն Գրիգորյանը ներկայացրեց հռչակագրի հիմնադրույթները, ակումբի նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական սկզբունքները` կոչ անելով երիտասարդներին միանալ նախաձեռնությանը եւ ընդլայնել հասարակական-քաղաքական կյանքին ու հայրենիքի ապագայի կերտմանը մասնակցելու հնարավորությունները:

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարեւորեց նախաձեռնությունը` ավագ սերնդի քաղաքական գործիչների գաղափարները երիտասարդ սերնդի ուժերով իրականացնելու տեսանկյունից: Նա նշեց, որ ակումբում կազմակերպվելու են հասարակական քննարկումներ, տրամագծորեն հակառակ տեսակետներ են ներկայացվելու: Ըստ նրա` ակումբի գաղափարը սահուն սերնդափոխությունն է:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ողջունելով ակումբի ստեղծումը, առաջարկեց խմբագրական փոփոխություններ հռչակագրի դրույթներում: Նրա համոզմամբ` հռչակագրում պետք է ամրագրվի, որ հետխորհրդային երկրների շարքում մտքերի փոխանակության, ընդդիմության կարծիքների արտահայտման իմաստով լավագույն պայմանները եւ նախադրյալները ստեղծված են Հայաստանում: Նա միմյանցից տարանջատեց ֆիզիկական եւ գաղափարական սերնդափոխություն հասկացությունները: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, կարեւորելով նման նախաձեռնությունը, գտնում է, որ երիտասարդությունը պետք է ոգեւորված եւ ոգեշնչված լինի, ցանկանա կենսագործել ավագ սերնդի նպատակները, որոնց իրականացման համար կարեւոր է հավատը երկրի ապագայի հանդեպ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ողջունեց նախաձեռնությունը եւ հավաստեց, որ աջակցելու է ակումբի մասնակիցներին: Նրա կարծիքով` նպատակը քաղաքական գործիչներ պատրաստելը չէ, քանի որ քաղաքական գործիչները քաղաքական գործունեության ճանապարհին են կայանում, պարզապես որքան շատ լինեն կարծիքներ արտահայտելու ամբիոններ, այնքան ողջամիտ քայլեր կլինեն, եւ հասարակությունը պատրաստ կլինի մարտահրավերներին: Քաղաքականությունը, ըստ նրա, սերնդափոխության չի կարող ենթարկվել, այն գործընթաց է, պետք է ունենա իր շարունակողները: ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` պետք է փորձել ոչ թե երիտասարդացնել գաղափարախոսությունը, այլ երիտասարդությանը դարձնել եղած գաղափարախոսության կրողներ: Նրա գնահատմամբ` երիտասարդների մեջ ոչ թե ազատականության կամ ազատամտության գաղափարախոսությունն է թեւածում, այլ ազգային արժեքների վերընձյուղման գաղափարախոսությունն է, որը նոր որակ է հաղորդելու մեր հասարակությանը:

Արվեստագետ, պատմական գիտությունների թեկնածու Մանուկ Ստեփանյանը, Երիտասարդական խորհրդարանի նախագահ Արամայիս Գեւորգյանը, ՄԻԱԿ-ի քարտուղար Նաիրա Կարապետյանը եւ այլ երիտասարդ գործիչներ ողջունեցին նախաձեռնությունը` հուսալով, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի երիտասարդների մեջ արթնացնել քաղաքացիական նախաձեռնողականությունը: 

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության եւ հետաքրքիր քննարկման համար, հույս հայտնեց, որ ակումբի մասնակից երիտասարդները կլինեն ակտիվ եւ նախաձեռնող:



 



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...