Տպել
10.02.2009
ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը

Փետրվարի 10-ին կայացավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու` իր եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկությունները, որոնք առնչվում էին իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, տարածքային ամբողջականության խախտման, պետական իշխանության յուրացման եւ տարածքային ամբողջականության խախտման հրապարակային կոչերի, Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, ՍԴ-ին իշխանական գործողություն պարտադրելու, զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու հոդվածներին: Պարոն Հարությունյանը ներկայացրեց սահմանադրական կարգի, իշխանության յուրացման հոդվածների վերաբերյալ միջազգային օրենսդրությունը: Նա առաջարկում է «իշխանության յուրացում» հասկացությունը տարանջատել «սահմանադրական կարգը տապալել» հասկացությունից: Ըստ նրա`  սահմանադրական կարգը տապալելը միշտ չէ, որ իշխանության յուրացում է: Աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկում է «Իշխանության յուրացում» հոդվածում տարանջատել «իշխանություն զավթել» եւ «իշխանություն պահել» հասկացությունները: Առաջարկվում է նաեւ իշխանությունը զավթելու մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձին ազատել քրեական պատասխանատվությունից:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հրաժարվել պետական իշխանության յուրացում արտահայտությունից: Նա անդրադարձավ նաեւ իշխանությունը բռնությամբ պահելու եւ իշխանությունը զավթելու փորձին վերաբերող հոդվածներին:

Աշխատանքային խմբի ու ԱԺ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամները, ներկա գտնվող փորձագետները ներկայացրին համապատասխան  հոդվածներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ եւ կարծիքներ: