Տպել
15.12.2008
Սկսվեց ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Պեկինում ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոն: Հանդիպմանը մասնակցում էր Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
 
ՉԺՀ Համաչինական Ժողովի մտական կոմիտեի նախագահ Ու Բանգոն գոհունակություն հայտնեց ԱԺ նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը Պեկինում ընդունելու համար: Նրա գնահատմամբ` այցը նոր խթան կդառնա երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ու Բանգոյին` հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Աժ նախագահը նշեց, որ մայիսին ՉԺՀ խորհրդարանի նախագահին սպասում էին Երեւանում, սակայն աղետալի երկրաշարժը Չինաստանում հնարավորություն չտվեց, որ պարոն Ու Բանգոն մեկնի երկրից: Պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ երկրաշարժի հետեւանքները հաղթահարվում են, քանի որ Չինաստանի կառավարությունը մեծ ջանքեր գործադրեց աղետյալներին օգնելու համար: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանում տարերային աղետի հետեւանքները լավ են պատկերացնում, քանի որ 1988-ի երկրաշարժը, որի 20-ամյա տարելիցը նշվեց դեկտեմբերի 7-ին, հազարավոր մարդկանց կյանք խլեց ու բազում ավերածություններ գործեց:

Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց` այն ժամանակ Չինաստանի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Անդրադառնալով 2008-ի իրադարձություններին` Աժ նախագահը նշեց, որ Պեկինյան օլիմպիական խաղերը դեռ երկար կմնան բոլոր մարզասերների հիշողության մեջ. օլիմպիական խաղերն անցկացվեցին բարձր մակարդակով` լավագույնս արտացոլելով օլիմպիական ոգին: Պարոն Աբրահամյանը օրինաչափ համարեց Չինաստանի հավաքականի աննախադեպ հաջողությունը: Հաղորդելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու հաջողության բարեմաղթանքները ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին` Աժ նախագահը խնդրեց նրան փոխանցել նաեւ Հայաստան պաշտոնական այցի հրավերը: Պարոն Աբրահամյանը ընդգծեց, որ հայ եւ չին ժողովուրդների պատմական անցյալից սկսված ավանդական բարեկամական կապերը մեր օրերում շարունակվում են` այդ են վկայում քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակով փոխադարձ այցելությունները, փոխշահավետ համագործակցության հետեւողական ընդլայնումը եւ խորացումը հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ոլորտներում: Համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը միջազգային մակարդակում խորացրել են կողմերի վստահությունը: Աժ նախագահը կարեւորեց քիմիայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության ու տեխնիկայի, պաշտպանական, մշակույթի ու գիտության ոլորտներում իրականացվող համատեղ նախագծերը: Նշելով, որ անցած տարիներին Չինաստանը մշտապես աջակցել է մեր երկրի տնտեսական զարգացմանը. ՉԺՀ կառավարության ամենամյա անհատույց օգնությունը Հայաստանի կառավարությանը նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, Աժ նախագահը իր երախտագիտությունը հայտնեց Չինաստանի ղեկավարությունը: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` պարոն Աբրահամյանը կարեւորեց, որ երկու խորհրդարաններում էլ գործում են պատգամավորական բարեկամության խմբեր եւ իր աջակցությունը հայտնեց նրանց գործունեության ակտիվացման առումով: Ընդգծվեց, որ Հայաստանը հատուկ կարեւորում է ՉԺՀ-ի հետ բարեկամության եւ համագործակցության հետեւողական զարգացումը, որը մեծ ներուժ ունի դեռ` հաշվի առնելով երկու երկրների հնարավորությունները: Համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի պայմաններում կարեւորվեց համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը, որը կնպաստի ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն: Աժ նախագահը բարձր գնահատեց նաեւ երկու երկրների դեսպանների արդյունավետ աշխատանքը: Պարոն Աբրահամյանը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու պատրաստակամություն հայտնեց` հավաստելով, որ խորհրդարանների միջեւ հարաբերությունները ժողովուրդներին միմյանց ավելի ճանաչելի ու հասկանալի են դարձնում: Նա պարոն Ու Բանգոյին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան:

ՉԺՀ Համաչինական Ժողովի մտական կոմիտեի նախագահ Ու Բանգոն շնորհակալություն հայտնելով ՉԺՀ նախագահին ուղղված բարեմաղթանքների եւ հրավերի համար` նշեց, որ ՀՀ նախագահի հրավերը կփոխանցի ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին: Պարոն Ու Բանգոն հաստատեց նաեւ Հայաստան պաշտոնական այցի իր ցանկությունը, որ հետաձգվել էր երկրաշարժի պատճառով: Նա կարեւորեց երկու նախագահների 2004 թ-ին ստորագրած համագործացության հռչակագիրը, որից հետո հարաբերությունները սկսեցին արագ զարգանալ: ՉԺՀ խորհրդարանի նախագահը բարձր գնահատական տվեց երկու երկրների միջեւ եղած փոխըմբռնումին ու փոխվստահությանը: Նա կարեւորում է, որ արագ զարգացող համագործակցությունը լավ արդյունքներ է գրանցում նաեւ տնտեսության ոլորտում` մասնավորապես անցյալ տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է ԱՄՆ իննսուն միլիոն դոլար, իսկ առեւտրի աճը հիսունմեկ տոկոս է կազմում: Պարոն Ու Բանգոն բարձր է գնահատում էներգետիկ, հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցությունը: Տնտեսական համագործակցության խթանման համար չինական կառավարությունը Հայաստանին անհատույց տրամադրել է տասնհինգ միլիոն յուան: Նշելով, որ Չինաստանի համար Հայաստանը հուսալի գործընկեր է, որի հետ հարաբերությունների զարգացումը շատ է կարեւորվում` պարոն Ու Բանգոն անդրադարձավ միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությանը: Նա գտնում է, որ այս այցը նոր մակարդակի վրա է բարձրացնում միջխորհրդարանական հարաբերությունները եւ լավ դինամիկա կապահովի դրանց զարգացման համար տարբեր մակարդակներում` երկու խորհրդարանների հանձնաժողովների, բարեկամության խմբերի եւ աշխատակազմերի ընդգրկումով: Նա գոհունակություն հայտնեց, որ Աժ նախագահի պաշտոնական այցի ծրագրում ընդգրկված է նաեւ Հայնյան նահանգը, որը հայտնի է իր արագ զարգացող արդյունաբերությամբ` քիմիական, մեքենաշինական, նավթարդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում, եւ այցի ընթացքում կարող են նաեւ համատեղ ձեռնարկությունների հիմնման ծրագրեր մշակվել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների` փաստելով հետագա համագործակցության ցանկությունը:

Հանդիպման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական ժողովի նախագահ Ու Բանգոն ստորագրեցին փոխըմբռնման, համագործակցության եւ փորձի փոխանակումների մասին հուշագիր` հավաստելով բարեկամական կապերի եւ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Նշելով, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են, հուշագրում կարեւորվում է խորհրդարանների գծով շփումների ակտիվացումը` երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով, որը նպաստում է փոխըմբռնման եւ վստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի խորացմանը եւ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Հուշագրով հաստատվում է երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հարաբերությունների ուղղությամբ խորհրդատվությունների եւ դիրքորոշումների համաձայնեցման հետագա խորացման պատրաստակամությունը: Հուշագրով կարեւորվում է նաեւ երկու խորհրդարանների հանձնաժողովների կապերի խորացումը, առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային եւ բնապահպանության ոլորտներում օրինաստեղծ փորձի փոխանակումը, բարեկամության խմբերի կապերի զարգացումը, որը կնպաստի ՀՀ ԱԺ-ի եւ ՉԺՀ ԺՆՀԺ-ի խորհրդարանականների միջեւ շփումների սերտացմանը:
 
Հուշագրում ամրագրված է նաեւ երկու խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության կարեւորությունը` խորհրդարանական գործունեության ծավալման եւ համակարգման ուղղությամբ արդյունավետ փորձի տեղեկատվական փոխանակման եւ փոխլրացման նպատակով, կարեւորվում է խորհրդարանների փոխգործողությունը միջազգային հարաբերությունների ուղղությամբ` անցկացնելով պատվիրակությունների հաճախակի հանդիպումներ եւ խորհրդատվություններ միջազգային կառուցներում: Երկու խորհրդարանների նախագահները կարեւորեցին հուշագրի ստորագրումը, որը առաջին փաստաթուղթն է երկու խորհրդարանների միջեւ եւ համագործակցության նոր էջ է բացում միջխորհրդարանական հարաբերություններում: