Տպել
03.12.2008
Իտալիայի դեսպանն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի  Հանրապետության  դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորելով բարեկամ Իտալիայի հետ  միջխորհրդարանական հարաբերությունները,  նշեց, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Պարոն Աբրահամյանը գործուն համագործակցության հաստատման նախադրյալները արձանագրելով` կարեւորեց երկու երկրների խորհրդարանների պատգամավորների փոխայցելությունները: Նա պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Իտալիայի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների` Սենատի եւ Կամերայի նախագահներին` վստահություն հայտնելով, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերի ամրապնդմանը: Պարոն Աբրահամյանը նաեւ առաջարկեց քննարկել այցի ընթացքում միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի կամ հուշագրի ստորագրման հնարավորությունը: Նշվեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Իտալիայի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որը եւս կարող է նպաստել հարաբերությունների խորացմանը: Խորհրդարանի նախագահը կարեւոր համարեց միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների համագործակցությունը: Նշվեց նաեւ, որ իբրեւ Եվրամիություն անդամ երկիր` Իտալիան մեծապես կարող է աջակցել Հայաստանի եվրաինտեգրմանը: Անդրադառնալով իտալական «Ռենկո» կազմակերպության հաջող աշխատանքին Հայաստանում` պարոն Աբրահամյանը Հայաստանում իտալական այլ ձեռնարկությունների մուտքը կարեւոր համարելով` նշեց, որ Հայաստանի հարկային դաշտը նպաստավոր է ներդրումների եւ օտարերկրացիների բիզնեսի ծավալման համար:  ԱԺ նախագահը գտնում է, որ պարոն Կասինելին կարող է հայ-իտալական համագործակցության զարգացմանը մեծապես նպաստել` ունենալով նաեւ իր աջակցությունը:

Իտալիայի  Հանրապետության  դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին պատմական արմատներ ունեցող իտալահայկական բարեկամության զարգացման պատրաստակամություն հայտնելով` նշեց, որ իտալացիներին ու հայերին միավորում են ոչ միայն հոգեւոր-մշակութային ընդհանրությունները, այլեւ երկու ժողովուրդների  նմանությունը: Շնորհակալություն հայտնելով Սենատի եւ Կամերայի նախագահներին պաշտոնական այցով Հայաստան հրավիրելու համար, դեսպանը հանձն առավ փոխանցել հրավերն ու այցի ժամկետները ճշտել: Նա համաձայնեց, որ փոխայցելությունները նպաստում են հարաբերությունների զարգացմանը եւ նշեց, որ 2007-ին Հայաստանում էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, իսկ 2009-ին նախատեսվում է արտաքին գործերի փոխնախարար, սենատոր Մանդինիի այցը: Պարոն Կասինելին կարեւորում է նաեւ պատգամավորական բարեկամության խմբերի համատեղ աշխատանքը միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ:  

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին եւս. կողմերը կարեւորեցին Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունները բանակցությունների միջոցով կարգավորելը, որը  կնպաստի խաղաղության ու բարեկեցության հաստատմանը:


03.12.2008
Ցավակցական հեռագիր Ասծատրյանների ընտանիքին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել պետական, հասարակական, տնտեսական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի հարազատներին ու մերձավորներին` նրա մահվան կապակցությամբ: «Եղիշե Ասծատրյանի  անվան հետ է կապվում Հայաստանի ժողովրդական տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը, նա լուրջ ...

03.12.2008
Պատգամավորներին առաջարկում են վերանայել հակասահմանադրական դրույթները
Խորհրդարանը դեկտեմբերի 3-ին շարունակեց քառօրյա նիստի աշխատանքը` քվեարկություններ անցկացնելով:  Ընդունվեցին նախորդ օրը քննարկված համաձայնագրերը եւ օրենսդրական նախաձեռնությունները` այդ թվում եւ «Հանրաքվեի մասին»  օրենքում փոփոխության առաջարկը:Քառօրյայի երրորդ նիստում Ազգային ժողովը  քնն...