Տպել
15.11.2008
Ռումինիայի արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովում
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ռումինական բարձրամակարդակ քաղաքական հարաբերությունները` կարեւորելով փոխշահավետ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում: ԱԺ նախագահը ընդգծեց միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը, որոնց զարգացումը իր հերթին կնպաստի այլ ոլորտներում կապերի խորացմանը, որոնք այժմ երկու երկրների հնարավորություններին չեն համապատասխանում: Նշվեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Ռումինիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, որի ակտիվ աշխատանքը եւս միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խթան կդառնա: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությանը: Արձանագրելով, որ Ռումինիան Եվրամիության անդամ պետություն է, ԱԺ նախագահը կարեւորեց Ռումինիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին ու բարեփոխումների ռումինական փորձի օգտագործումը:
 
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուն համաձայնելով պարոն Աբրահամյանի հետ, վստահեցրեց, որ իր այցը Հայաստան հենց վկայությունն է Ռումինիայի Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման փաստի` թե երկկողմ, թե բազմակողմ:  Նշելով, որ երկու երկրները ունեն քաղաքական հիանալի հարաբերություններ, պարոն Կոմանեսկուն իրազեկեց, որ Ռումինիայի խորհրդարանում էլ Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ է գործում եւ հավաստեց, որ երկու շաբաթից կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո եւս կարճ ժամանակում կձեւավորվի Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ ու անտարակույս երկպալատանի խորհրդարանի նախագահները կշարունակեն Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Լազար Կոմանեսկուն անդրադարձավ նաեւ առեւտրատնտեսական կապերին` նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում կան նաեւ գործարարներ, որոնք ժամանել են Հայաստան` տեղում ծանոթանալու համագործակցության ու ներդրումների հնարավորություններին: Պարոն Կոմանեսկուն նաեւ վստահեցրեց, որ լինելով ԵՄ անդամ երկիր, Ռումինիան պատրաստակամ է եվրոպական շուկա մտնելու համար բանալ դռները հայկական ապրանքների առաջ: Հիշեցնելով, որ այժմ Հայաստանն է նախագահում ՍԾՏՀ-ում, պարոն Կոմանեսկուն նշեց, որ տարեսկզբին ԵՄ-ում մեկնարկել է Սեւծովյան էներգետիկական ծրագիրը, որի շրջանակներում էլ կարող է համագործակցություն կայանալ` կարեւորվեց ԵՄ ‎ֆինանսական ներդրումների արդյունավետ օգտագործումը Սեւծովյան տարածաշրջանում: Նախարարը հավաստեց, որ Ռումինիան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել` ուղղված Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությանն ու զարգացմանը: Նա ողջունեց այն հեռանկարները, որ բացվում են Մոսկվայում ստորագրված հռչակագրից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
 
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստեց Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը բարեփոխումների ճանապարհով Հայաստանը աշխարհի ժողովրդավարական երկրներից մեկը դարձնելու հարցում: Այս շրջագծում պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ մարտյան իրադարձություններին, որոնց պարզաբանման նպատակով խորհրդարանում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով վերջերս ձեւավորվել է փաստահավաք խումբ, որի կազմում ընդգրկված է նաեւ արմատական ընդդիմության ներկայացուցիչը: ԱԺ նախագահը նշեց, որ եւ հանձնաժողովի, եւ  խմբի նպատակն է այդ ցավալի իրադարձությունների ճշգրիտ պատկերը վերհանելը ու մեղավորներին օրենքի սահմաններում պատժելը:
   
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` նշելով, որ եւ բաեփոխումները Հայաստանում, եւ մարտյան իրադարձությունների պարզաբանումը կարեւոր են Հայաստանի ու Եվրամիության համագործակցության խորացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: