Տպել
13.11.2008
ՀՀ 2009 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները շարունակվեցին Ազգային ժողովի արտահերթ նիստում

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ` շարունակելու «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, շարունակելով ներկայացնել ԱԺ քառօրյա նիստում ընդհատված ելույթը, նշեց, որ ողջունելի է ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացումը, իսկ բյուջեով դպրոցներին լրացուցիչ գումարների տրամադրումը կկանխի դրամահավաքության անընդունելի երեւույթը:

Տիկին Բիշարյանը խոսեց նաեւ թերությունների մասին. դրանք են` ներկրումների աճը, ոչ բավարար աջակցությունը տեղական արտադրողներին, բուհական աշխատողների, գիտնականնների աշխատավարձերի ցածր լինելը, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների բացվածքի բացակայությունը: Նա հույս հայտնեց, որ նվազագույն աշխատավարձը գոնե կբարձրանա մինչեւ 40 հազ. դրամ, քանզի նախատեսված 30 հազ. դրամը չափազանց ցածր է: Նշվեց,  որ, չնայած նշված թերություններին, բյուջեն նախորդ տարիների նկատմամբ առաջընթաց քայլեր է անում, ուստի ՕԵԿ-ը բյուջեին կողմ կքվեարկի:

ՀՀԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Արտյուշա Շահբազյանը չափազանցված համարեց ՀՀ ֆինանսների նախարարի` «կայուն զարգացման բյուջե» բնորոշումը` հավելելով, որ ընդունելի կլիներ, եթե «կայունացման ձգտող բյուջե» համարվեր: Ըստ նրա ` ընդունելի կլիներ, եթե բյուջեում շեշտադրում լիներ ստվերային տնտեսության բացահայտմամբ  հարկերի արդյունավետ հավաքագրմանը: Ճիշտ է, աշխատավարձերի որոշակի աճ կա, բայց դա գնաճի պայմաններում լուրջ խնդիրներ չի լուծում, ուստի ինքնանպատակ չեն քաղծառայողների եւ նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ խմբակցության առաջարկները:  Մտահոգիչ է նաեւ մշակույթի գործիչների եւ գիտության մշակների աշխատավարձերի չափը: Պարոն Շահբազյանը ողջունելի համարեց հակաճգնաժամային ծրագրերի առումով ներքին արտադրության եւ արտաքին առեւտրի ընդլայնման վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքը, ինչպես նաեւ Սեւանա լճի պահպանման համար նախատեսված գումարների աճը պետական բյուջեում: Նա մտահոգիչ համարեց, որ մարզերի համաչափ զարգացման մասին խոսելով` չենք մտածում Երեւանի համաչափ զարգացման մասին` անընդհատ մեծացնելով քաղաքի կենտրոնի եւ արվարձանների զարգացման անջրպետը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, որ բյուջեի այս քննարկումները ցուցադրական մասն են. հիմնականը հանձնաժողովներում կատարված աշխատանքն է, ինչը աչքի է ընկել իր պասիվությամբ: Հաճախ հնչող քննադատությունները` սոցիալական իրավիճակ, դրամահավաքություն, հիմնականում ժողովրդին սիրաշահելու ու սեթեւեթանքի բնույթ ունեն. հաջողություններն ու անհաջողությունները բոլորինը պետք է լինեն: Եթե խոսում ես, ու քեզ չեն քննադատում, ուրեմն ոչինչ չես արել: Պարոն Սահակյանի գնահատմամբ` բյուջեն առաջընթաց քայլեր է անում ու նրա նպատակը «ոչ աղքատությանը» ասելն է: Ըստ նրա` բացի թվերից ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե կառավարությունը ինչ ծրագրեր պիտի իրագործի եւ ինչ գումարների հաշվին: Նա համոզմունք հայտնեց, որ այս բյուջեն եւս կատարվելու է: Բյուջեն աղքատությունը ոչ թե փորձում է վերացնել նպաստներ տալով, այլ պայքարում է նպաստների դեմ նպատակային ու կայուն զարգացման ճանապարհով: Բյուջեն միաժամանակ քաղաքական ուժերի կեցվածքի մի մասն է, բայց դա չի նշանակում, որ ամեն քաղաքական ուժ իրեն պետք է վերագրի նրա հաջողությունները կամ համարի իր սեփականությունը: Պարոն Սահակյանը վերջում հավելեց, որ ոչ թե պետք է սիրաշահել, այլ սիրել ժողովրդին:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եզրափակիչ ելույթում կրկին համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեն կայուն զարգացման բյուջե է եւ միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապահովի մեր երկրի կայուն, բնականոն զարգացումը: Նրա գնահատմամբ` անհրաժեշտ է ապահովել նախ եւ առաջ մակրոտնտեսական կայունությունը, հետեւաբար` ցածր գնաճը: Ռիսկերը հիմնականում պայմանավորված կլինեն համաշխարհային տնտեսության մեջ առկա գործընթացներով, թեեւ նա հավաստիացրեց, որ 50 տոկոսից ավելի մասնավոր ներդրումների ծավալների աճ, ինչպես նաեւ պետության ու մասնավոր հատվածի համագործակցություն կլինի: Ըստ նրա` աշխատավարձերի հարցում ընդհանուր հայեցակարգ է պետք. 30 հազ. դրամ նվազագույն աշխատավարձը այն ողջամիտ ծավալն է, որ բյուջեն կարող է թույլ տալ, ինչը ունի ֆինանսական ու տնտեսագիտական լուրջ հիմնավորումներ: Պարոն Դավթյանը նշեց, որ պետք է մտածել արտահանումը խթանելու մասին, իսկ ներմուծման ծավալների մեծացումը միանշանակ բացասական երեւույթ չպետք է դիտել, քանի որ այն նաեւ տեխնիկական միջոցների ներմուծման եւ պահանջարկի ընդհանուր ծավալների մեծացմամբ է պայմանավորված: Արտահանման ծավալների աճը նախատեսված է 10 տոկոս, ինչն իրատեսական է: Բանախոսը խոսեց նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների շրջանում Հայաստանի բարձր հեղինակության եւ սպասվող վարկային հատկացումների մասին: Ելույթի վերջում  նա մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ բյուջեն իրատեսական է ու կատարելի:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը ավարտեց ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը եւ հիշեցրեց, որ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` առնվազն 4 օրով բյուջեի քննարկման ընդմիջում է նախատեսված, իսկ պատգամավորները, խմբակցություններն ու հանձնաժողովները իրենց առաջարկները դրանից հետո 24 ժամվա ընթացքում պիտի ներկայացնեն աշխատակազմ, որն այդ ժամկետը լրանալուց հետո կուղարկի ՀՀ կառավարությանը:

13.11.2008
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի համատեղ մամլո ասուլիսը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի պաշտոնական այցը Հայաստան նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում ամփոփվեց  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի համատեղ մամլո ասուլիսով: Կիպր...

13.11.2008
Խորհրդարանը քննարկեց «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը
Ազգային ժողովի նոյեմբերի 13-ի նիստում շարունակվեցին «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հարակից զեկույցում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով ԿԲ եզրակացությունը քննարկվող նախագծի վերաբերյալ, նշեց, որ 2009 թ. պետական բյուջեի կատարման հենասյունը 2008 թ-...