Տպել
26.09.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: 

Նիստում քննարկվեցին ընդդիմության տրամադրած տեսաերիզի որոշ դրվագներ: Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, քննիչ Վաղինակ Մկրտչյանը, դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, նաեւ տեսաերզում ցուցադրվող Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատի մոտ գտնվող անձինք` Տիգրան Կիրակոսյանը, Գարիկ Հովակիմյանը, Ռոման Գրիգորյանը:

Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց  տեսանյութի որոշ դրվագների վերաբերյալ եւ պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին:  Նշվեց, որ մարտի 1-2-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում կանգնեցվել է տաքսի ավտոմեքենա, որի մեջ թալանված ապրանքներ են եղել: Ավտոմեքենայի ուղեւորների ու վարորդի անձը, ինչպես նաեւ ապրանքների ձեռքբերման ճանապարհը պարզելու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցները նրանց կանգնեցրել են, ստուգել, որից հետո ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Նրանք նույն օրը հարցաքննվել են, նշանակվել է հայտնաբերված ապրանքների փորձաքննություն: Նշվեց, որ երիտասարդների անձը հայտնի է եղել դեռեւս մարտի 1-2-ի գիշերը, եւ նախաքննական մարմինը նրանց հետ կապված քննչական գործողությունները ամբողջությամբ կատարել է: Ինչ վերաբերում է պատի վրա երեւացող հեղուկի հետքին, ապա այդ առիթով  հարցաքննվել են նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, որոնք իրենց ցուցմունքներում ասել են, որ իրենք որեւէ մեկի նկատմամբ կիրառված բռնության ականատես չեն եղել: Նրանք ասել են, որ մինչ դեպքերը տեսել են մարդկանց, ովքեր պատրաստել են դյուրավառ հեղուկով շշեր:

Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեցին տեսաերիզում ցուցադրվող անձինք` Տիգրան Կիրակոսյանը, Գարիկ Հովակիմյանը, Ռոման Գրիգորյանը: Նրանք նշեցին, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել, դեսպանատան պատի մոտ որեւէ մեկը չի վիրավորվել կամ սպանվել, իսկ պատի վրայի հետքը ոչ թե արյուն է, այլ` վառելահեղուկ:

Նիստի ընթացքում քննարկվեց  տեսանյությում առկա վրաերթի ենթարկման կադրը: Վահագն  Հարությունյանը տեղեկացրեց, որ վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գեւորգ Թեւանյանը: Վկաների ցուցմունքներով պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ոստիկանական ավտոմեքենան վարել է քաղաքացիական հագուստով տղամարդ, որի անձը դեռեւս  պարզված չէ: Նա  վրաերթի է  ենթարկել Գեւորգ Թեւանյանին, ապա բախվել մայթեզրին: Վարորդը իջել է մեքենայից եւ փախել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գեւորգ  Թեւանյանը հարցաքննվել է:

Տեսաերիզում ցուցադրված ծեծի տեսարանի առնչությամբ նշվեց, որ   քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` քննություն է տարվում  ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինաչափությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ:

Նիստում  քննարկվեց նաեւ կադրերից մեկում ցուցադրվող իբր մարդու գլխի հատվածների եւ արյան հարցը: Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը տեղեկացրեց, որ դատախազության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գրությամբ կատարել են տեսաերիզի փորձաքննություն Հայաստանի  լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բոլորը միանշանակ հիմնավորել են, որ ոսկրային բեկորները մարդու չեն, այլ` խոճկորի: Այտոսկրը խոճկորի է, լեզուն` ոչխարի կամ հորթի: Նրա համոզմամբ տեսաերիզը մոնտաժված է: Վահագն  Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ դեպքի վայրի տեղազննությամբ նման պատկեր չի հայտնաբերվել: