Տպել
26.09.2008
Քննարկվեցին բազմաբնակարան շենքերում ջրամատակարարման խնդիրները

Սեպտեմբերի 26-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, 2007 թ. հունվարին ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել ու քննարկել էր խնդիրը, դրանից հետո համակողմանի քննարկումներ էին կազմակերպել հասարակական կազմակերպությունները: Խնդիրը բազմաբնակարան շենքերով  հարուստ Հայաստանի համար, սակայն, պետք է լուծվի օրենքի մակարդակով:

Հարցի քննարկմանը մասնակցում էին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները: Ըստ գործակալության ծրագրերի ղեկավար Մարինա Վարդանյանի, կազմակերպությունն արդեն 7 տարի աջակցում է Հայաստանի ջրային սեկտորի աշխատանքներին: Միջազգային փորձը տարբեր մոդելներ է առաջարկում ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտների  կառավարման վերաբերյալ, սակայն, ըստ տիկին Վարդանյանի, հարկավոր է  ընտրել այնպիսի մոդել, որը համարժեք լինի Հայաստանի ջրային համակարգի աշխատանքին: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետները փորձնական մոդել են կիրառել Նոր Հաճն քաղաքում, որտեղ ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներում ավելի շատ  ներգրավել են տեղական ինքնակառավարման մարմիններին: Ըստ ամերիկացի մասնագետների, փորձը տվել է դրական արդյունք եւ  ապագայում կիրառվելիք մեթոդներից մեկը կարող է լինել հենց այդ մոդելը: 

Ջրային ոլորտի ամերիկացի մասնագետները ներկայացրին զարգացած երկրներում բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման, ներքին ցանցի աշխատանքի օրինակները: Դրանցից մեկի համաձայն` ջրաչափերը տեղադրվում են ոչ թե յուրաքանչյուր բնակարանում, այլ բոլոր բնակարանների ջրաչափերի համար շենքում առանձնացվում է մեկ տեղ, իսկ  վերահսկողությունն իրականացնում է իրավական կարգավիճակ ունեցող, տվյալ շենքի կառավարման մարմինը: Կա մեկ այլ տարբերակ եւս. յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար տեղադրվում է մեկ ջրաչափ, իսկ ջրի ծախսի ցուցանիշն, ըստ շնչի, բաժանվում է բնակիչների միջեւ:

Նշելով, որ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը այս հարցով լուրջ համագործակցություն է սկսում ԱՄՆ Միջազգային գործակալության հետ, հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների խնդիրն ուսունմնասիրելու նպատակով ստեղծվել է երկու աշխատանքային խումբ` տնտեսատեխնիկական եւ իրավական: Այդ խմբերը նիստեր կհրավիրեն ամեն ամիս, կկատարեն ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց հիման վրա հանձնաժողովը կմշակի ու կներկայացնի բազմաբնակարան շենքերում եւ համատիրություններում ջրամատակարարման ծառայությունների տրամադրման վերաբերյալ համապատասխան օրենսդրական առաջարկություններ: