Տպել
26.09.2008
ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը` Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ  Վերոնիկ Մորեյրայի  (Ֆրանսիա) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ջո Քոնվեյը`  Թրամորի քաղաքային խորհրդի անդամ (Իռլանդիա), Միհկել Յուկամին` Ռակվեր քաղաքային խորհրդի նախագահ (Էստոնիա), Դոբրիցա Միլովանովիչը` Կրագույեվաչի քաղաքային իշխանության ղեկավար (Սերբիա), Պաոլո Ռոնդելին` Սան Մարինոյի քաղաքային խորհրդի անդամ (Սան Մարինո), Դոմինիկ Ռոնգան` Լորեյնի տարածքային խորհրդի փոխնախագահ, միջտարածաշրջանային հարաբերությունների եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու (Ֆրանսիա) եւ Ուլդիս Ռոզենբերգսը` իբուլու գյուղական խորհրդի նախագահ (Լատվիա):

Տիկին Մորեյրան նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել  դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որ անց են կացվելու սեպտեմբերի 28-ին: 

Ողջունելով հյուրերին  եւ արժեւորելով նրանց առաքելությունը` ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը  նշեց, որ ներկա խորհրդարանը կարեւորելով ՏԻՄ  ինստիտուտը  եւ նրա լիարժեք կայացումը,  ստեղծել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով:  Նշվեց, որ Հայաստանը միացել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, որոնք վերաբերում են ՏԻՄ համակարգին, եւ  սահմանադրական փոփոխություններ կատարելիս  եւ օրենսդրությունը կատարելագործելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: Կարեւորելով  առաջիկա ՏԻՄ ընտրությունները, պարոն Կարապետյանը նշեց, որ   անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ առաջիկա ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին:

Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ, մանրամասնվեցին Երեւանում  տեղական  ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները: Պարոն Կարապետյանի խոսքով` օրինագիծը լրամշակվում է եւ  նախապատրաստվում երկրորդ ընթերցման:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան  ՏԻՄ համակարգի կատարելագործմանը վերաբերող այլ հարցերի եւս:

Ազգային ժողովում Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւորելով նրանց առաքելությունը` անդրադարձավ ՏԻՄ  ընտրություններին եւ ոլորտի օրենսդրությանը: Նշվեց, որ  գործող օրենսդրությունը թեեւ հնարավորություն է ընձեռում իրականացնել պատշաճ մակարդակի ընտրություններ, սակայն դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի: Ազգային ժողովում գործում է աշխատանքային խումբ, որը մշակում է ընտրական գործընթացների բարելավման ուղիները: 

Հյուրերը կարեւորեցին ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը, ֆինանսավորման թափանցիկությունը, քաղաքացիների  ակտիվ մասնակցությունը, թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը:  

Պարոն Հարությունյանը ներկայացրեց օրենսդրության մեջ  առաջարկվող  փոփոխությունները, նշվեցին այն դրույթները, որոնք կապահովեն ֆինանսավորման թափանցիկությունը, հաշվետվությունների հրապարակայնությունը  եւ հավասար պայմանների ստեղծումը: Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրինագծին, որը, նրա գնահատմամբ, հիմնաքար կհանդիսանա  տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Նշվեց, որ ամեն ինչ արվում է կատարյալ օրենք ունենալու համար:

Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի խոսքով` Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները քաղաքական ընտրություն չեն համարվում, քանի որ դեռ լավ չի ընկալված տեղական ինքնակառավարման նշանակությունը:   

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպեց նաեւ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը:

Հյուրերի խնդրանքով անդրադառնալով նորաստեղծ հանձնաժողովի գործառույթներին եւ գործունեությանը, պարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ արդեն առաջին  ընթերցմամբ ընդունվել է Երեւանի մասին օրենքի նախագիծը, նախատեսվում է օրենքն ամբողջությամբ ընդունել մինչեւ տարեվերջ, որից հետո կկայանան Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները: Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ, քննարկումներ կլինեն միջազգային կառույցների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Պարոն Մարգարյանն ասաց նաեւ, որ հանձնաժողովը մտադիր է առաջիկայում այցելել հանրապետության մարզեր` տեղում ծանոթանալու համայնքների անձնագրավորման գործընթացին, որի արդյունքում անձնագիր կստանան 900-ից ավելի համայնքներ: Կվերանայվի համայնքների քարտեզավորումը` ակնկալվում է համայնքների խոշորացում:

Հանձնաժողովի նախագահն անդրադառնալով ոլորտներում կատարվելիք օրենսդրական փոփոխություններին` նշեց, որ փոփոխություններ են նախատեսված «Համայնքային ծառայության մասին» եւ «Համատիրության մասին» օրենքներում: 2010 թվականին նախատեսվում է ընդունել նոր օրենսգրքեր, որոնք կկարգավորեն ոլորտները: