Սեպտեմբերի 26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը` Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ Վերոնիկ Մորեյրայի (Ֆրանսիա) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ջո Քոնվեյը` Թրամորի քաղաքային խորհրդի անդամ (Իռլանդիա), Միհկել Յուկամին` Ռակվեր քաղաքային խորհրդի նախագահ (Էստոնիա), Դոբրիցա Միլովանովիչը` Կրագույեվաչի քաղաքային իշխանության ղեկավար (Սերբիա), Պաոլո Ռոնդելին` Սան Մարինոյի քաղաքային խորհրդի անդամ (Սան Մարինո), Դոմինիկ Ռոնգան` Լորեյնի տարածքային խորհրդի փոխնախագահ, միջտարածաշրջանային հարաբերությունների եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու (Ֆրանսիա) եւ Ուլդիս Ռոզենբերգսը` իբուլու գյուղական խորհրդի նախագահ (Լատվիա):
Տիկին Մորեյրան նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որ անց են կացվելու սեպտեմբերի 28-ին:
Ողջունելով հյուրերին եւ արժեւորելով նրանց առաքելությունը` ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը նշեց, որ ներկա խորհրդարանը կարեւորելով ՏԻՄ ինստիտուտը եւ նրա լիարժեք կայացումը, ստեղծել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով: Նշվեց, որ Հայաստանը միացել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, որոնք վերաբերում են ՏԻՄ համակարգին, եւ սահմանադրական փոփոխություններ կատարելիս եւ օրենսդրությունը կատարելագործելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: Կարեւորելով առաջիկա ՏԻՄ ընտրությունները, պարոն Կարապետյանը նշեց, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ առաջիկա ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին:
Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ, մանրամասնվեցին Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման սկզբունքները, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները: Պարոն Կարապետյանի խոսքով` օրինագիծը լրամշակվում է եւ նախապատրաստվում երկրորդ ընթերցման:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ՏԻՄ համակարգի կատարելագործմանը վերաբերող այլ հարցերի եւս:
Ազգային ժողովում Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:
Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւորելով նրանց առաքելությունը` անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին եւ ոլորտի օրենսդրությանը: Նշվեց, որ գործող օրենսդրությունը թեեւ հնարավորություն է ընձեռում իրականացնել պատշաճ մակարդակի ընտրություններ, սակայն դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի: Ազգային ժողովում գործում է աշխատանքային խումբ, որը մշակում է ընտրական գործընթացների բարելավման ուղիները:
Հյուրերը կարեւորեցին ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը, ֆինանսավորման թափանցիկությունը, քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը:
Պարոն Հարությունյանը ներկայացրեց օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությունները, նշվեցին այն դրույթները, որոնք կապահովեն ֆինանսավորման թափանցիկությունը, հաշվետվությունների հրապարակայնությունը եւ հավասար պայմանների ստեղծումը: Պարոն Հարությունյանն անդրադարձավ նաեւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին օրինագծին, որը, նրա գնահատմամբ, հիմնաքար կհանդիսանա տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Նշվեց, որ ամեն ինչ արվում է կատարյալ օրենք ունենալու համար:
Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի խոսքով` Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները քաղաքական ընտրություն չեն համարվում, քանի որ դեռ լավ չի ընկալված տեղական ինքնակառավարման նշանակությունը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպեց նաեւ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը:
Հյուրերի խնդրանքով անդրադառնալով նորաստեղծ հանձնաժողովի գործառույթներին եւ գործունեությանը, պարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Երեւանի մասին օրենքի նախագիծը, նախատեսվում է օրենքն ամբողջությամբ ընդունել մինչեւ տարեվերջ, որից հետո կկայանան Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները: Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ, քննարկումներ կլինեն միջազգային կառույցների եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Պարոն Մարգարյանն ասաց նաեւ, որ հանձնաժողովը մտադիր է առաջիկայում այցելել հանրապետության մարզեր` տեղում ծանոթանալու համայնքների անձնագրավորման գործընթացին, որի արդյունքում անձնագիր կստանան 900-ից ավելի համայնքներ: Կվերանայվի համայնքների քարտեզավորումը` ակնկալվում է համայնքների խոշորացում:
Հանձնաժողովի նախագահն անդրադառնալով ոլորտներում կատարվելիք օրենսդրական փոփոխություններին` նշեց, որ փոփոխություններ են նախատեսված «Համայնքային ծառայության մասին» եւ «Համատիրության մասին» օրենքներում: 2010 թվականին նախատեսվում է ընդունել նոր օրենսգրքեր, որոնք կկարգավորեն ոլորտները: