Տպել
24.09.2008
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հանձնաժողովի նիստը Ազգային ժողովում

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ազգային ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ հանձնաժողովի երեւանյան արտագնա  նիստը կառանձնանա հիմնախնդիրների քննարկման ու որոշումների կայացման արդյունավետությամբ:  Պարոն Կարապետյանի գնահատմամբ` այն կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակում օրակարգային է ու կարեւոր: Այսօր ավելի, քան երբեւէ ակնհայտ է, որ  աշխարհաքաղաքական նոր հարաբերությունների, տնտեսական բախումների, ահաբեկչության, նարկոթրաֆիկինգի, անօրինական միգրացիայի, զանգվածային ոչնչացման զենքի սպառազինության մրցավազքի պայմաններում յուրաքանչյուր երկրի անվտանգությունը կարող է ապահովվել միայն համատեղ ճիգերով եւ պաշտպանական ու ռազմական ոլորտում ակտիվ համագործակցությամբ: ԱՊՀ անդամ երկրների համար այդպիսի դեր ունի  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որն աստիճանաբար դառնում է բազմապրոֆիլ կառույց` ապահովելով կազմակերպության անդամ երկրների անվտանգությունը: Այս կառույցը պետք է ապահովի նաեւ ՀԱՊԿ-ի իրավական հիմքերը:  2008 թ. ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ, իսկ սեպտեմբերի 5-ից Հայաստանը ստանձնել է այս կազմակերպությունում նախագահող երկրի պատասխանատվությունը, որի առնչությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեր երկիրը այս կառույցում նախագահելու ընթացքում հիմնական շեշտադրումը պետք է անի` բարձրացնելու  կազմակերպության աշխատանքների արդյունավետությունը: Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի կայանալիք նիստը այս իմաստով հետեւողական աշխատանքի լավ օրինակ կարող է լինել:

Հանձնաժողովը Վլադիմիր Վասիլեւի նախագահությամբ քննարկեց ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կազմակերպության պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի առաջարկով Վլադիմիր Վասիլեւը միաձայն վերընտրվեց այդ պաշտոնում:

Պարոն Վասիլեւը, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, տեղեկացրեց, որ այդ հարցը հիմնովին կքննարկվի հաջորդ օրը` պաշտպանական-ռազմական մի շարք գերատեսչություններ այցելելուց եւ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո: Այս հարցին առնչվող ՀՀ-ում իրավապահ մարմինների  աշխատանքների, կատարված հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Տեղեկացնելով, որ երկրում անցած 8 ամիսների ընթացքում թեեւ հանցագործությունների աճ չկա, նա անհրաժեշտ համարեց ավելի զարգացնել անդամ երկրների իրավապահ մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունը` հատկապես նարկոբիզնեսի եւ անօրինական միգրացիայի կանխման, մասնագետների պատրաստման գործում:

Հանձնաժողովում ակտիվ քննարկումներ ծավալվեցին ազգային եւ կրոնական հողի վրա տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ: Անդամ երկրների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում այդ երեւույթը ռասիզմի դրսեւորումներ է ստանում, որը պետք է ոչ միայն դատապարտել, այլեւ դրանց առաջն առնել օրենսդրական լուծումներով: Պետք է աշխատել նաեւ իրավապահ մարմինների հետ, որ նման դեպքերում նրանք օբյեկտիվ գնահատականներ եւ լուծումներ  տան: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ ազգային պատկանելիությամբ պայմանավորված` բախումների ու սպանությունների գնահատումը միօրինակ չէ եւ պետք է համատեղ ջանքերով դրա առաջն առնել ոչ միայն համապատասխան օրենսդրական լուծումներով, գործողությունների պլաններով, այլեւ բազմապիսի հանդիպումներով, ազգային հանդուրժողականության անհրաժեշտության մասին բացատրական աշխատանքներով, հատկապես որ ազգայնականության երեւույթները առավել տարածված են երիտասարդության շրջանում: Այս առումով կարեւոր է նաեւ լրագրողների հետ աշխատանքը, որ նման իրավիճակներում զգոնություն ցուցաբերեն եւ անզգույշ արտահայտություններով չնպաստեն ազգամիջյան բախումներին:

Պարոն Ռյաբուխինն առաջարկեց անդամ երկրների պատգամավորներին` քարտուղարությանը տրամադրել այս ոլորտում տեղի ունեցող իրավախախտումների առանձին դեպքերի վերաբերյալ փաստեր, նաեւ հարցի լուծման վերաբերյալ իրենց մոտեցումներն ու առաջարկները ներկայացնել, որոնք կնպաստեն համապատսախան օրենք ստեղծելուն:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության իրավական հիմքի ստեղծման հարցը, որը ներկայացրեց ՀԱՊԿ-ի քարտուղարության տեղեկատվական բաժնի վարիչ Ալեքսանդր Բազավլյուկը: Ըստ բանախոսի` նման համակարգի քաղաքական հիմքերը պետք է լինեն բազմակողմ քննարկումները, տեղեկատվական անվտանգության մեխանիզմների ապահովումը, անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումները, իսկ իրավական հիմքերը` ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինտելեկտուալ սեփականության իրավական պաշտպանության հիմքերի ստեղծումը, գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը նման համակարգ ստեղծելիս: Այս ամենի համար համակարգող խորհուրդ ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա` պաշտպանելու անդամ երկրների տեղեկատվական դաշտի անվտանգությունը:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաեւ ՌԴ Պետական Դումայի անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի, ՀԱՊԿ-ի 2008 թ. սեպտեմբերյան նիստի, Ղրղզստանի Հանրապետությունում տեղի ունեցած անդամ երկրների երիտասարդական հայրենասիրական եւ ռազմական-սպորտային կազմակերպությունների երկրորդ միջազգային հավաքի արդյունքները:

ՀԱՊԿ-ի` 2009 թ. աշխատանքների պլան-նախագծերի վերաբերյալ եղավ առաջարկ` դիմելու Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովին` ՀԱՊԿ-ի անդամներին հրավիրելու Բելառուս, որպեսզի տեղում քննարկեն արեւմտյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

ՀԱՊԿ-ի ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ավարտեց սեպտեմբերի 24-ի նիստի աշխատանքը, օրակարգի մյուս հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 25-ին:

ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հավարտ նիստի այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի իրենց տուրքը մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: