Տպել
09.09.2008
Կառավարությունը նախապատրաստվում է ռադիոհեռուստահաղորդումների թվայնացմանը

Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին, շարունակելով քառօրյա նիստերի աշխատանքը, քվեարկությամբ վավերացրեց նախորդ օրը ներկայացված միջազգային համաձայնագիրը եւ եզրափակեց «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը օրենսդիրներին առաջարկեց  փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Ընտրական օրենսգրքին. մասնավորապես նախատեսել, որ համայնքի ղեկավար  կարող է ընտրվել տվյալ համայնքում առնվազն երկու տարվա հաշվառում ունեցող  քաղաքացին: Այսպես է նախատեսված Ընտրական օրենսգրքում, մինչդեռ այս օրենքով  հաշվառման ժամկետը մեկ տարի է: 

Նախագծի վերաբերյալ ԱԺ  տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Սանոսյանը:  

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու նախաձեռնությամբ կառավարությունը վերախմբագրում է ստուգումներ անցկացնող մարմինների ցանկը` հաշվի առնելով կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունները: Հիմնական զեկուցողի` Վաչե Տերտերյանի ներկայացմամբ, այս փոփոխությունների արդյունքում որեւէ ստուգող մարմին չի ավելանում:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանը ` նշելով, որ սրանք անհրաժեշտ փոփոխություններ են:
 
Պատգամավորների դատին ներկայացվեցին նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար մի քանի նախագծեր:  «Բռնադատվածների մասին» օրենքում  փոփոխություն կատարելու  մասին եւ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերով հեղինակը`  Հովհաննես Մարգարյանը,  առաջարկում է բռնադատվածների համար անժամկետ հողային արտոնություն սահմանել:

Այս փոփոխությանը կողմ է ԱԺ գլխադասային`  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը:  Հանձնաժողովի անունից Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ժամկետային սահմանափակումը վերացնելով` արտոնությունից օգտվելու առավել լայն հնարավորություն է ստեղծվում:  Պրն. Պետրոսյանը նկատեց, որ այլ  սոցիալական խմբերի վրա եւս այս արտոնությունը տարածելու մասին հեղինակների առաջարկին կանդրադառնան լրացուցիչ քննարկումներից հետո միայն:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների կառավարության առաջարկը, որի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն եղել: Ինչպես ներկայացրեց պատգամավոր Արմեն Աշոտյանը` իր համահեղինակությամբ շրջանառված` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում  փոփոխություններ նախատեսող նախագծերի վերաբերյալ եւս բովանդակային առաջարկներ չեն եղել:  Երկու դեպքում էլ խորհրդարանի գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություն:

Գործադիրն օրենսդիր մարմնին առաջարկում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում:  ՀՀ էկոնոմիկայի նախարար  Ներսես Երիցյանի հիմնավորմամբ`  այս փոփոխությունն անհրաժեշտ է ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների ներկայիս` անալոգային համակարգը թվայինով փոխարինելու համար: Նախարարի համոզմամբ` սա բարդ եւ հավակնոտ ծրագիր է, որն իրականացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապատրաստական միջոցառումներ: Մասնավորապես` մասնագիտական աուդիտի անցկացում եւ առկա հնարավորությունների պարզում, թվային համակարգի ներդրման հայեցակարգի  մշակում, համակարգի ներդրման համար օրենսդրական դաշտի եւ ֆինանսական միջոցների ապահովում:
 
Կառավարությունն առաջարկում է այս օրենքն ընդունելուց հետո` մինչեւ 2010 թ., չհայտարարել հեռուստառադիոհեռարձակման  լիցենցավորման նոր մրցույթ: Կառավարության ներկայացուցչի հիմնավորմամբ` այսպես հնարավոր կլինի 2010 թ.-ից հետո թվայնացման նոր պահանջներին համապատասխան հաճախականություններ տրամադրել բոլորին հավասար պայմաններով: Նշենք, որ Հայաստանը 2006 թ. միացել է Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, որով թվայնացման համար վերջնաժամկետ է հայտարարված 2015 թ.: Բացի դա, Եվրոպական երկրներում թվայնացումը կավարտվի 2010-2012 թթ. եւ Հայաստանը միջազգային զարգացումներից հետ չմնալու խնդիր ունի: 

Պատգամավորների հարցադումներից պարզ դարձավ, որ լիցենզավորման դադարեցումը լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի: Կարծիքներ հնչեցին, որ  հեռուսառադիոընկերությունների ընտրությանն է պետք թողնել` այդ կարճ ժամկետի համար մասնակցե՞լ լիցենզավորման մրցույթին, թե՞ ոչ:  Որոշ պատգամավորներ այս նախագծի հիմքում տեսնում են քաղաքական ենթատեքստ եւ համոզված են, որ այն ուղղված է «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» վերահեռարձակումը բացառելուն` մրցույթներ չանցկացնելու պարագայում: 

«Ժառանգություն» խմբակցությունը հենց այս մտահոգությամբ նախագծին դեմ է քվեարկելու, հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
 
Եզրափակիչ ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վերահաստատեց, որ օրինագիծը չունի քաղաքական ենթատեքստ, այլ անհրաժեշտ է անալոգայինից թվային համակարգին անցումը սահուն կազմակերպելու համար:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց  օրենսդրական փաթեթներ, որոնք, իր խոսքերով,  ուղղված են երկրի վարկանիշի բարձրացմանը` ֆինանսական հատվածում  բարեփոխումներին եւ ֆինանսական միջնորդությունների ավելացմանը: «Հաշվապահական հաշվառման մասին»  եւ կից վեց օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով ֆինանսական կազմակերպությունների համար սահմանվել է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն, այլ կազմակերպությունների համար այս ստանդարտների կիրառումը պարտադիր կլինի դրանք պաշտոնապես թարգմանելու եւ հրապարակելու տարվան հաջորդող հունվարի 1-ից: ԿԲ նախագահի համոզմամբ` այսպես Հայաստանի տնտեսական միջավայրը օտարեկրյա ներդրողների համար  կդառնա առավել թափանցիկ եւ գրավիչ, ֆինանսական կազմակերպություններում օտարեկրյա ներդրողները կաշխատեն մեկ միասնական` միջազգայնորեն ընդունված ստանդարտներով: Իսկ օտարերկրյա ներդրումների ծավալն այս հատվածում կազմում է 60 տոկոս: Այսպես հնարավոր կլինի նաեւ միջազգային շուկայում մեր բանկերի մրցունակությունը  մեծացնել: 

Նախագծերի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց դրական եզրակացություն`  նկատելով, որ հանձնաժողովում ակտիվ քննարկումներից հետո փաթեթը որոշակիորեն լրամշակված է ներկայացվել ԱԺ լիագումար նիստում. մասնավորապես`   վեցամսյա ժամկետ է սահմանվել նշված ստանդարտները կիրառելուց առաջ`  ընկերություններին այդ փոփոխություններին պատրաստվելու ժամանակ տալու համար:
 
«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենսդրական փաթեթով   նախատեսվում է ստեղծել վարկային բյուրո` բաժնետիրական ընկերություն, որը ԿԲ-ի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է հավաքագրել վարկային տեղեկատվություն,  մշակել վարկային պատմություն եւ պատրաստել վարկային զեկույց: Այս կառույցը, ԿԲ նախագահի գնահատմամբ,  կպաշտպանի թե սպառողների  եւ թե վարկատուների շահերը: Առաջինների համար ստեղծելով վարկային պատմության միջոցով մեծ  վարկեր ստանալու հնարավորություն, երկրորդների համար նվազեցնելով վարկային ռիսկերը:  Բացի դա, վարկային բյուրոյի  տեղեկատվությունը մատչելի կլինի սպառողի համար.  անձը կարող է տարին մեկ անգամ անվճար ստանալ վարկային զեկույց: Թեեւ ԿԲ-ում  գործում է վարկային ռեգիստր, սակայն այնտեղ հաշվառվում են միայն 1 մլն. դրամից ավելի վարկերը եւ այն ունի նաեւ մի փոքր այլ` վերահսկողական գործառույթ: ԿԲ նախագահի տեղեկացմամբ` այսօր արդեն իսկ գործում է վարկային բյուրո, որի համար, սակայն, հնարավոր չէ պայմաններ ու չափանիշներ սահմանել` օրենքի բացակայության պատճառով:  Ի դեպ, նախագծով սահմանված է, որ ՀՀ-ում գործող առեւտրային բանկերը, վարկային կամ ապահովագրական ընկերությունները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող տիրապետել ընկերության վարկային բյուրոյի, բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին: 

ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի դրական եզրակությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ նախագծերն ուղղված են քաղաքակիրթ վարկային հարաբերություններ ձեւավորելուն:
 
ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իր գործընկերներին առաջարկեց փոփոխություն կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:  Պրն. Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ, թեեւ մի շարք իրավախախտումների համար վարչական պատիժ է նախատեսված, սակայն օրենսգրքում ամրագրված չէ, թե որ մարմինն է այն իրականացնելու: Խոսքը  աղբահանության մասին է, երբ չնախատեսված վայրում է աղբը հավաքվում, եւ անօրինական հողազավթումների ու բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում թույլ տրված խախտումների: Նախագծով պատգամավորն առաջարկում է տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններին քննարկել խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում վարչական տույժեր նշանակել:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց  Արտակ Դավթյանը:
  
Նիստի վերջում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մանրամասներ հաղորդեց ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի` 2008 թ. առաջին եռամսյակի գնաճի  մասին:  Տարեսկզբի առաջին կիսամյակում արձանագրվել է  9,6 տոկոս գնաճ, երբ նպատակային ցուցանիշը սահմանվել է  4 տոկոս` մեկուկես տոկոս տատանման հնարավորությամբ:  Նախորդող եռամսյակի համեմատությամբ արձանագրվել է 4,8 տոկոս գնաճ: ԿԲ նախագահի պարզաբանմամբ` գնաճային մեծ ճնշումները ընդհանրական են եղել Հայաստանի, ԱՊՀ, Մերձբալթյան, Արեւելյան Եվրոպայի երկրների համար: Այն հիմնականում պայմանավորված է եղել միջազգային շուկայում պարենային ապրանքների գների աճով: ԿԲ-ն այս ընթացքում խստացրել է դրամավարկային պայմանները` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքները:

Նիստի վերջին մեկ ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին: