Տպել
25.08.2008
Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում

Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Մարինա Դոլգոպոլովային` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: 

Արձանագրելով, որ հինգ ու կես տարի` իր կյանքի մի նշանակալից հատված ապրել ու աշխատել է մեր երկրում` տիկին Դոլոգոպոլովան այդ տարիները որակեց հետաքրքրիր ու պատասխանատու: Լինելով Բելառուսի առաջին դեսպանը Հայաստանում` Մարինա Դոլոգոպոլովան, կարեւորեց, որ երկու երկրների միջեւ հաստատվել են  բարձր մակարդակի քաղաքական կապեր. հատկապես միջխորհրդարանական հարաբերություններին անդրադառնալով` նա նշեց, որ այս ընթացքում պատգամավորական բարեկամության խմբերից անցում է կատարվել միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ստեղծմանը, որի 3 նիստեր արդեն կայացել են, խորհրդարանների նախագահների պաշտոնական փոխայցեր են եղել: Բելառուսում նախատեսված սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից հետո, նորակազմ խորհրդարանում կձեւավորվի Հայաստանի հետ համագործակցության հանձնաժողովի նոր կազմը եւ Մինսկում տեղի կունենա հերթական նիստը: Տիկին Դոլգոպոլովան վերահաստատեց ԱԺ նախագահի պաշտոնական այցի հրավերը Մինսկ` հերթական ընտրություններից հետո: Նա հույս հայտնեց նաեւ, որ Ազգային ժողովի պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում կմասնակցեն դիտորդական առաքելությունների աշխատանքներին` տեղում ծանոթանալու բելառուսական փորձին, որը կատարելագործելու համար շատ կարեւոր է հայկական փորձի փոխանակումը` իբրեւ ԵԱՀԿ-ի եւ միջազգային խորհրդարանական կառույցների դրվատանքին արժանացած:

Բելառուսի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համատեղ աշխատանքում դրսեւորած պրո‎ֆեսիոնալիզմի ու մարդկային ջերմ վերաբերմունքի համար` նշելով, որ թե իր` իբրեւ դեսպանի, թե այլ դեսպանների արդյունավետ աշխատանքի համար որքան կարեւոր է խորհրդարանի նախագահի ու խորհրդարանի աջակցությունը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բարձր գնահատական տալով տիկին Դոլգոպոլովայի աշխատանքին Հայաստանում` հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնեց, որ նա կմնա մեր երկրի բարեկամը: Պարոն Թորոսյանի գնահատականով` հաջորդ դեսպանը  իրապես մեծ ջանքեր պիտի գործադրի հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ու զարգացնելու նպատակով: ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին խորհրդարանական ընտրություններում` հաստատելով, որ Աժ պատգամավորները միջազգային կառույցների շրջանակներում կմասնակցեն դիտորդական առաքելությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: