Տպել
05.08.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը լսեց ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանին

Օգոստոսի 5-ին` 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը գումարեց հերթական նիստը, որի ընթացում նախ հանձնաժողովի անդամներն ու նախագահը տեղեկատվություն ներկայացրին կատարված աշխատանքների եւ այցելությունների մասին, ապա եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան` Ազատության հրապարակում ոստկանության գործողությունների վերաբերյալ:

Նիստը նախագահող` ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ դատախազությունից ստացված տեղեկանքի համաձայն, օգոստոսի 4-ի դրությամբ 14 մեղադրյալ դեռեւս կալանավորված են, 9-ից վերցվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, 4-ը գտնվում են հետախուզման մեջ: Պրն. Նիկոյանը տվյալներ փոխանցեց նաեւ այս գործի շրջանակներում մեղադրվողների հարազատներից ու փաստաբաններից ստացված դիմումների մասին: Նշվեց, որ գլխավոր դատախազությանն է ներկայացվել պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի առողջության վերաբերյալ հանձնաժողովականների մտահոգությունը` խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Հանձնաժողովի նախագահն առավել նպատակահարմար համարեց, որ հանձնաժողովի անդամները ոչ թե առանձին զրույցներ ունենան կալանավորված անձանց եւ քննիչների հետ, այլ ներկա լինեն քննչական գործողություններին:

Պատգամավորները հանդիպում են ունեցել երկու կալանավորվածների հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ամփոփելով Ալեքսանդր Արզումանյանի հետ հանդիպման արդյունքները, նշեց, որ նա պայմանների կամ առողջության հետ կապված որեւէ բողոք չունի: Փոխարենը նա դժգոհել է երկար եւ պասիվ քննությունից, առաջադրված մեղադրանքը համարել անհիմն, պահանջել, որ քննչական գործողություններն արագ ավարտեն եւ գործը տեղափոխեն դատարան: Ալեքսանդր Արզումանյանը զրույցի ընթացում շեշտել է, որ իրեն որեւէ համաներում պետք չէ, այլ միայն` արդարացման վճիռ: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արտյուշ Շահբազյանը մանրամասներ հաղորդեց մեկ այլ կալանավորվածի` Արմեն Սիրունյանի հետ հանդիպումից: Նա չհիմնավորված  է համարել իրեն առաջադրված`  «հանցակցություն» եւ «պաշտոնական դիրքի չարաշահում» հոդվածներով մեղադրանքները` հերքելով Ազգային անվտանգության ծառայության տվյալները հանրահավաքի ղեկավարներին փոխանցելու գործում իր մասնակցությունը: Նա նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է, բայց մարտի 1-ին հանրահավաքի վայրում եղել է ընդամենը մի պահ:

Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ հանձնաժողովի անդամներին մանրամասներ հաղորդեց ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը: Նա նշեց, որ փետրվարի 29-ին ստացված օպերատիվ տվյալների հիման վրա` ցուցարարներին զենք բաժանելու մասին, ոստիկանական ջոկատները մարտի 1-ին` 6:45-ին, Ազատության հրապարակում փորձել են տեղազննություն կատարել` առանց զենքի եւ բարձրախոսով այդ մասին հայտարարելուց հետո: Նախ` շուրջ 130 ոստիկաններով, սակայն հանդիպելով դիմադրության, օգնության են կանչել հարակից փողոցներում  տեղակայված խմբերին, եւ առավոտյան գործողություններին ընդհանուր թվով մասնակից է եղել 600 ոստիկան: Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիրների թիվը եղել է 800-900: Փոխոստիկանապետը հերքեց շրջանառվող լուրերը, թե գործողություններին մասնակից են եղել նաեւ ղարաբաղյան ջոկատներ: Պրն. Աֆյանի խոսքերով, առավոտյան իրենք միայն տեղազննություն կատարելու նպատակ են ունեցել եւ ոչ հրապարակում գտնվողներին ցրելու: Դիմադրության հանդիպելուց հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ, եւ, Ալեքսանդր Աֆյանը ոստիկաններին հասարակական կարգը վերականգնելու եւ պահպանելու հրաման է տվել:

Հանձնաժողովի անդամների հարցերը բազմաբնույթ էին (կա՞ մարտի 1-ի առավոտյան գործողությունների տեսագրությունը, ե՞րբ են ստացվել օպերատիվ տվյալները եւ արդյոք գործողությունների պլանը նախագծելիս հաշվի են առնվել բնակչությանը հրապարակից անվտանգ դուրս բերելու հնարավորությունը, ստանալով տվյալներ` ինչո՞ւ զենքի խմբաքանակն ամբողջությամբ չի բռնագրավվել եւ ընտրվել է Ազատության հրապարակում զննություն կատարելու տարբերակը, բացահայտվե՞լ է մարտի 1-ի առավոտյան գործողությունների եւ երեկոյան անկարգությունների միջեւ կապը, համաչա՞փ է 900 ցուցարարին 600 ոստիկանների միջոցով ցրելը), ուստի հանձնաժողովը որոշեց օպերատիվ գործողությունների վերաբերյալ առավել մանրամասն եւ ամբողջական պատկերացում կազմելու համար հաջորդ նիստերից մեկում հրավիրել այն ղեկավարող անձին: