Տպել
16.04.2008
Համաձայնություն` ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ

Ապրիլի 16-ին Ազգային ժողովում  ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ նախագահի օգնական Գեւոր‎գ Մհերյանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Սիմոնա Գրանատա-Մենգինը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներ Դենիս Պետիտն ու Նիլ Ջարմանը շարունակեցին  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008-ի մարտի 17-ին ընդունված փոփոխությունների վերաբերյալ եզրակացության առաջարկությունների քննարկումները:
 
Փորձագետները իրենց եզրակացությունում առաջարկել էին լրամշակել օրենքը չորս հիմնական խնդիր լուծելու նպատակով. հստակեցնել զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերը, հստակեցնել իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետները, սահմանել պայմաններ ինքնաբուխ միջոցառումների անցկացման համար:

Քննարկումների արդյունքում հաջողվեց հասնել լիակատար համաձայնության բոլոր չորս խնդիրների առնչությամբ, որ փորձագետները արձանագրել էին իրենց եզրակացությունում: Կազմվել է հուշագիր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ, որը զետեղված է Ազգային ժողովի կայքում:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ ձեռքբերված համաձայնությունների հիման վրա կմշակվի «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծ  եւ կուղարկվի փորձագետներին մինչեւ ապրիլի 25-ը: Փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի եւ կընդունվի խորհրդարանում: Նախագիծը շրջանառության մեջ կդրվի եւ կտեղակայվի նաեւ Ազգային ժողովի կայքում, մատչելի կլինի քաղաքացիական հասարակության համար` Ազգային ժողովը բաց է առաջարկությունների համար:
 
Միաժամանակ` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի նախագահական ընտրությունների առնչությամբ դիտորդական առաքելությունների եւ տարբեր կազմակերպությունների առաջարկությունները եւ դիտողությունները Ընտրական օրենսգրքի, ինչպես նաեւ օրենքների բարելավման հետ կապված: Քննարկումների արդյունքում մշակված օրինագծերը հետագայում կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը: