Տպել
07.03.2008
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը
Մարտի 7-ին Արա Բաբլոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Ըստ նրա` նախագծի 47.5 հոդվածի 1-ին մասը հանվել է` նկատի ունենալով, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքը պատասխանատվություն է նախատեսում անբարեխիղճ գովազդի եւ ոչ թե դեղերի կամ բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների անբարեխիղճ գովազդի համար: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց կառավարության ներկայացուցչին օրինագծի վերաբերյալ արված առաջարկությունները ընդունելու համար:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 60 օրով: