Տպել
18.12.2007
ԻԻՀ դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով


Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Հաղիղիանին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արժեւորելով դեսպանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նրան եւ նշեց, որ այս ընթացքում ավանդական բարեկամական հարաբերությունները նոր որակ են ստացել` խորացել են տնտեսական կապերը, տեղի են ունեցել փոխայցեր: ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ մշակութային կապերի զարգացումը` դրանք որակելով իբրեւ գործնական կապերի ամրապնդման հնարավորություն: Նրա գնահատմամբ` հայ-իրանական կապերի զարգացման հիմքում ոչ միայն դարավոր բարեկամությունն է, այլեւ` փոխադարձ շահերը, որոնք նպաստում են երկու երկրների զարգացմանը: Պարոն Թորոսյանը բարձր գնահատելով դեսպանի գործունեությունը` կարեւորեց նաեւ այն իրողությունը, որ այս տարիներին նաեւ հիմքեր են ստեղծվել նոր ծրագրերի ու նախագծերի կենսագործման համար:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Հաղիղիանն ԱԺ նախագահին փոխանցեց ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելի տարեմուտի եւ Սուրբ Ծննդյան շնորհավորանքներն ու բարեմաղթանքները եւ վերահաստատեց Աժ նախագահի պաշտոնական այցի հրավերը Թեհրան: Նա եւս բարձր գնահատական տվեց երկու երկրների հարաբերություններին` կարեւորելով դրանք նաեւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության առումով:  Հայաստանում աշխատած տարիներին խորհրդարանի աջակցությունն ունենալու համար` դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` վստահեցնելով, որ մնալու է Հայաստանի բարեկամը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԻԻՀ խորհրդարանի նախագահին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների եւ հրավերի համար` նշեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանը շատ հագեցած էր հերթական ու արտահերթ նիստերով, որը հնարավորություն չտվեց այս տարի ԻԻՀ մեկնել եւ վստահություն հայտնեց, որ 2008-ին նախագահական ընտրություններից հետո պաշտոնական այցը անպայման կկայանա:



18.12.2007
Ուղարկվել են դիտորդական առաքելության հրավերները
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը 2008 թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկության հրավեր է ուղարկել ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ ԽՎ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ ՄԽՎ-ին:...