Տպել
05.12.2007
Քննարկվեցին Հայաստանի պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

 ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի պարտավորությունների կատարման քննարկումից հետո անցած մեկ տարվան, արձանագրեց, որ գրանցվել են հաջողություններ, որոնց մեջ իր կարեւոր ներդրումն ունի ԵԽԽՎ-ն: ԱԺ նախագահը համազեկուցողին իրազեկեց այդ ընթացքում կատարված հիմնական օրենսդրական փոփոխությունների մասին, նշելով, որ խորհրդարանն արդեն ամբողջացրել է այն օրենքների եւ օրենքների փոփոխությունների ընդունումը, որոնք պայմանավորված են սահմանադրական բարեփոխումով, մնացել է միայն Երեւանի մասին օրինագիծը, որն արդեն իսկ առաջին ընթերցումով քննարկվել է խորհրդարանում եւ երկրորդ ընթերցումն էլ նախատեսված է 2008-ի մարտին, որպեսզի բոլոր խմբակցությունները հասցնեն իրենց առաջարկությունները ներկայացնել: Պարոն Թորոսյանը կարեւորեց դատաիրավական բարեփոխումների շրջագծում ընդունված օրենսգրքերն ու օրենքները, որոնք ամբողջացնում են համակարգի բարեփոխումը: Աժ նախագահը անդրադարձավ Ընտրական օրենսգրքին եւս` նշելով, որ թեպետ ԵԱՀԿ դիտորդական առաքելության առաջարկությունները ստացվեցին հոկտեմբերի սկզբին, բայց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները ներառում են նաեւ այդ առաջարկների մեծ մասը: Կարեւորելով առաջիկա նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը, պարոն Թորոսյանը նշեց, որ դրանք շատ մեծ կարեւորություն ունեն` նախ ամրագրվում է պետական կառավարման եւ քաղաքական համակարգերում սահմանադրական փոփոխությունների դրույթների կիրառումը, ապա` լավ ընտրությունների անցկացումով կհաստատվի ընտրական լավ ավանդույթի ամրագրումը Հայաստանում:

Ժորժ Կոլոմբիեն, որ իբրեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող, քանիցս եղել է Հայաստանում, գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքից եւ հատկապես դատաիրավական ոլորտում կատարված բարեփոխումներից: Նրա գնահատմամբ` շատ կարեւոր է, որ Երեւանի մասին օրինագծի երկրորդ ընթերցումը նախատեսված է մարտին` հնարավորություն ստեղծելով լավագույն օրենք ընդունելու համար: Պարոն Կոլոմբիեն անդրադարձավ նաեւ Ընտրական օրենսգրքին` կարեւորելով դրա ընդունումը նախագահական ընտրությունների շրջագծում: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը Աժ նախագահին իրազեկեց իր հանդիպումներում քննարկված հարցերի մասին, նա ներկայացրեց իր մտահոգությունները էլեկտրոնային լրատվամիջոցներում նախագահական ընտրությունների թեկնածուների համար հավասար հնարավորությունների ստեղծման շուրջ` նշելով, որ այդ հարցը բարձրացրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հավաստեց, որ պաշտոնապես առաջադրված բոլոր թեկնածուների հնարավորությունները հավասար կլինեն: Ի պատասխան պարոն Կոլոմբիեի հարցումի` Աժ նախագահը հավաստեց նաեւ, որ ժամանակին կուղարկվեն դիտորդական առաքելությունների հրավերները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. պարոն Կոլոմբիեի գնահատմամբ` խաղաղ կարգավորման հնարավորությունները չեն սպառվել` չնայած Ադրբեջանից վերջին շրջանում հնչող ռազմաշունչ հայտարարություններին: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով այդ հայտարարություններին, կարեւորեց դրանց տրվող միջազգային կառույցների գնահատականը, նշելով, որ դրանք պետք է հասցեավորված լինեն: Մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ նշվում է, որ ռազմաշունչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքները դատապարտվում են` առանց հասցեական դարձնելու` ում, երբ եւ որտեղ արված հայտարարություններն ու սպառնալիքներն են: Աժ նախագահը կարեւորեց 2005 թ. հունվարին ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձեւի կետերի կատարումը, որտեղ հստակ ամրագրված է, որ անընդունելի են ռազմաշունչ հայտարարություններն ու պատերազմի եւ ատելության քարոզչությունը, ու թեպետ երկու տարի է անցել բանաձեւի ընդունումից, ԵԽԽՎ-ն որեւէ մոնիտորինգ չի անցկացրել բանաձեւի կատարման վերաբերյալ: Աժ նախագահի գնահատմամբ` հակամարտության կարգավորման ցուցիչը ոչ այնքան Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն են, որքան ատելության ու պատերազմի քարոզչության մակարդակը, եւ եթե Ադրբեջանն ուզում է կոն‎ֆլիկտը լուծված տեսնել, հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն չպիտի քարոզի: Պարոն Թորոսյանը անհրաժեշտ համարեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կարծիքը հաշվի առնելը մշակված սկզբունքների վերաբերյալ, որովհետեւ ԼՂՀ ժողովրդի համար անընդունելի որեւէ լուծում չի կարող իրականացվել: 
   
Հանդիպման ընթացքում քննարկվեցին եւ պարզաբանվեցին նաեւ փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր: