Տպել
06.09.2007
Դելիի գլխավոր նախարարն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:


Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն հայտնեց, որ նրա այցը կնպաստի հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը եւ համագործակցության խորացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հնդկաստանը ոչ միայն մեծ ու բազմազան մշակույթ ունեցող, այլ նաեւ մեծ հնարավորություններ ունեցող, ազդեցիկ երկիր է համաշխարհային մակարդակով:
Եվ երկու երկրներում արդեն լավ նախադրյալներ կան բարձրամակարդակ քաղաքական հարաբերությունների հանգույն դարձնել նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես` գիտության, կրթության,  բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտում: Նշելով, որ երկու երկրներին կապում են նաեւ դարավոր մշակութային հարաբերությունները` ԱԺ նախագահը հիշեցրեց, որ Հնդկաստանում է գրվել առաջին հայկական Սահմանադրությունը եւ տպագրվել առաջին հայերեն պարբերականը, ու, թեեւ այսօր հայկական գաղութն այնքան մեծ չէ Հնդկաստանում, որքան եղել է նախկինում, այն եւս երկու երկրներին կապող  հանգամանք է: Հարաբերությունների զարգացման առումով պարոն Թորոսյանը կարեւորեց նաեւ երկու դեսպանների արդյունավետ աշխատանքը: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ հնդկական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան 2008-ին լավ քայլ կլինի գործընկերության զարգացման առումով, եւ տիկին Դիքշիթին խնդրեց ողջույններ ու այցի հրավեր փոխանցել հնդիկ խորհրդարանականներին: ԱԺ նախագահը կարեւորեց երկու մայրաքաղաքների համագործակցության ծրագրերը եւս` նշելով, որ Ազգային ժողովը պատրաստ է աջակցել հարաբերությունների զարգացմանը նաեւ այդ ոլորտում:

Դելիի գլխավոր նախարար Շեյլա Դիքշիթը, որ երրորդ օրն է Հայաստանում, իր հիացմունքն արտահայտեց Երեւանի ճարտարապետության ու  գեղեցկության մասին, նշելով, որ սիրով կվերադառնա Հայաստան նաեւ որպես զբոսաշրջիկ` հնարավորություն ունենալու տեսնել երկրի բնությունն ու ծանոթանալ պատմամշակութային ժառանգությանը: Տիկին Դիքշիթին հայկական մշակույթն ու արվեստը հատկապես սրտամոտ են,  Երեւանում իր հանդիպումների արդյունքում նա հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ է արձանագրել, մասնավորապես կրթության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Դիվանագիտական հարաբերությունների 15 տարին, ըստ նրա, բավարար ժամանակ է երկու երկրներին միմյանց լավ ճանաչելու ու հարաբերությունների զարգացման համար: Տիկին Դիքշիթը առեւտրատնտեսական կապերի զարգացման կարեւորությանը եւս անդրադարձավ` դա համարելով փոխշահավետ երկու երկրների համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ խնդիրներ: