Տպել
18.07.2007
Եգիպտոսի դեսպանն Ազգային ժողովում

Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի դեսպան Աբլա Մոհամադ Աբդ-Էլ Ռահման Օսմանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ թեեւ դեսպանի աշխատանքի տարիները հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսակետից արդյունավետ են եղել, այդուհանդերձ, ցավոք, այդ տարիներին ակտիվ չեն եղել միջխորհրդարանական կապերը: Նա հույս հայտնեց, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի կառույցների ձեւավորման հունում առաջիկայում կստեղծվի հայ-եգիպտական պատգամավորական բարեկամության խումբ, որը կնպաստի երկու երկրների միջեւ ակտիվ խորհրդարանական կապերի հաստատմանը:

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Աբլա Մոհամադ Աբդ-Էլ Ռահման Օսմանը շնորհավորեց ԱԺ նախագահին` Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման կապակցությամբ, նա եւս կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը` նշելով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Եգիպտոսի խորհրդարանի նախագահ Ֆաթհի Սուրուրի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ այդ հարցերը: Դեսպանը նշեց, որ իր մեծագույն ցանկությունն է ԱԺ նախագահի պաշտոնական այցը Եգիպտոս: Դեսպանն իրազեկեց, որ Եգիպտոսի խորհրդարանում գործում է Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խումբ, նաեւ` դեռ 1997 թ. կնքվել է միջխորհրդարանական համագործակցության պայմանագիր:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վերահաստատեց Եգիպտոսի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցի հրավերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: