Տպել
22.06.2007
ԳԴՀ դեսպանի հրաժեշտի այցն Ազգային ժողով

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպան Հայկե Փայչին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նշելով, որ իր պաշտոնավարման տարիներին տիկին Փայչը երկու երկրների հարաբերությունների խորացման առումով զգալի քայլեր է արել` Աժ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, որի ներուժը երկու երկրներն էլ ունեն, եւ հաջողություններ մաղթեց դեսպանին` իր գործունեության մեջ:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հայկե Փայչը, որ երեք տարի պաշտոնավարել է Հայաստանում, շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համագործակցության համար եւ նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ԳԴՀ-ում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջիկայում նախատեսված է Բունդեստագի Հարավային Կովկասի հետ պատգամավորական բարեկամության խմբի այցը տարածաշրջան:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանում քաղաքական եւ բազմակուսակցական համակարգի զարգացմանն առնչվող հարցեր: Նշելով, որ առաջիկա տարիներին արվելու են քայլեր այդ ուղղությամբ` ԱԺ նախագահը կարեւորեց այս ոլորտում գերմանական հարուստ փորձի օգտագործումը: Այդ շրջագծում  ԱԺ նախագահն անդրադարձավ գերմա նական հիմնադրամների հավասարաչափ աշխատանքի անհրաժեշտությանը` քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ, քանի որ իշխանությունն ու ընդդիմությունը նույն բազմակուսակցական համակարգի մասեր են եւ ունեն նույն խնդիրները: Պարոն Թորոսյանը կարեւորեց նաեւ գերմանական քաղաքագիտական կառույցների հետ համագործակցության հաստատումը: