Տպել
15.02.2007
Իտալիայի դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Մարկո Կլեմենտեին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Պարոն Կլեմենտեն, որ երեք տարի եւ ութ ամիս Հայաստանում  աշխատելուց հետո վերադառնում է Հռոմ` արտգործնախարարությունում պաշտոնավարելու,  նշեց, որ տխուր է հեռանալու համար,  բայց հեռանում է  մասնագիտական ու անձնական մեծ փորձառություն ձեռքբերած: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` անձնական ու աշխատանքային ջերմ հարաբերությունների համար, որոնք օգնել են իր առաքելության կատարման ժամանակ: Պարոն Կլեմենտեն Իտալիայի Հանրապետության խորհրդարանի երկու պալատների նախագահների ու ժողովրդի անունից իր երկրի բարեկամական հարաբերությունները հավաստեց առ Հայաստանն ու հայ ժողովուրդը, որ պատմական տարբեր հանգամանքներում կարողացել է պաշտպանել իր եվրոպական էությունը եւ արժանիորեն վերադարձել է եվրոպական ընտանիք, ուր Իտալիան առաջիններից մեկն է ողջունել նրա մուտքը:

Իտալիայի Հանրապետության դեսպան Մարկո Կլեմենտեն, կարեւորելով խորհրդարանի ու Աժ նախագահի անձնական ներդրումը հայաստանյան բարեփոխումներում եւ, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի բարեփոխման համար` վստահություն հայտնեց, որ ստեղծվել են եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու օրենսդրական հիմքերը եւ երկիրը բոլոր հնարավորություններն ունի մայիսյան ընտրություններում ապացուցելու ժողովրդավարության խորացման ճանապարհի անշրջելիությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության մեջ, շնորհակալություն հայտնեց նրան արդյունավետ աշխատանքի համար, որ երկու երկրների հարաբերություններին հիանալի որակ է հաղորդել: Պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ թեեւ հաջորդ դեսպանի աշխատանքը զգալիորեն ավելի դժվար կլինի` քանի որ պարոն Կլեմենտեն արել է առավելագույնը, հայ-իտալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարեւորվեցին ոչ միայն իշխանության ձեւավորման, այլեւ ընդհանուր բարեփոխումների շարունակականության տեսակետից` պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ դրանք լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Նա նշեց, որ կատարելով իր օրենսդրական պարտքը` Ազգային ժողովը կարեւոր դերակատարություն կունենա նաեւ տեխնիկական խնդիրների լուծման առումով: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն` համագործակցելու ԱԺ քաղաքական ուժերից կազմված աշխատանքային խմբի հետ` վերացնելու մինչեւ ընտրությունները ծագած տեխնիկական խնդիրները եւ մինչեւ փետրվարի վերջը այդ ուղղությամբ քայլեր կարվեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի: