Տպել
07.02.2007
Թուրքմենստանի դեսպանը Ազգային ժողովում

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Խիդիր Սապարլիեւին`  դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` կարճ, բայց արդյունավետ համագործակցության համար, նշելով, որ նա նպաստեց երկու երկրների փոխհարաբերությունների բնականոն հունով զարգացմանը: Հայաստանի եւ Թուրքմենստանի հարաբերությունները եղել եւ մնում են բարեկամական` երկու երկրներն ունեն երկկողմանի լավ կապեր, համագործակցում են միջազգային կառույցներում: Պարոն Թորոսյանը կարեւորեց միջկառավարական հանձնաժողովի նիստի կայացումը, որը նաեւ կխորհրդանշի միջպետական հարաբերություննեի զարգացման շարունակականությունը: ԱԺ նախագահը, անդրադառնալով փետրվարի 11-ին նշանակված նախագահական ընտրություններին, հույս հայտնեց, որ դրանք կանցնեն բնականոն հունով եւ Թուրքմենստանի համար կապահովեն կայուն զարգացում:

Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Խիդիր Սապարլիեւը, Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության ու նրանց աջակցության համար շնորհակալություն հայտնելով, նշեց, որ կարճ ժամանակում մեծ թվով բարեկամներ է ձեռք բերել եւ Հայաստանը երկար կմնա իր սրտում ու հիշողության մեջ իբրեւ երկրորդ հայրենիք, ուր միշտ ուզում ես վերադառնալ: Նա վստահեցրեց, որ Թուրքմենստանը շարունակելու է իր առաջին նախագահի որդեգրած քաղաքականությունը եւ փետրվարի 11-ին նշանակված նոր նախագահի ընտրությունից հետո եւս թուրքմենահայկական հարաբերությունները կշարունակվեն բարեկամության ու համագործակցության ուղղությամբ: Նա հաջողություններ մաղթեց Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում` վստահություն հայտնելով, որ նոր գումարման խորհրդարանը կլինի արժանավոր շարունակողը պետության մեջ կարեւորագույն` օրենսդիր գործառնությամբ, օժտված իր նախորդների:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: