Տպել
24.10.2006
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենը խորհրդարանում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, որ ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Պարոն Ռոբինսոնը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` չորսուկես տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ այդ տարիներին մեր երկիրը հասել է տնտեսական լուրջ հաջողությունների եւ, որ պակաս կարեւոր չէ, կայուն զարգացման: Պարոն Ռոբինսոնը ցանկացած երկրում զարգացման համար կարեւորեց երեք գործոնների առկայությունը` քաղաքական, տնտեսական ու սոցիալական, նշելով, որ սովորաբար երբեք դրանք համաժամանակյա չեն դրսեւորվում. տնտեսական զարգացումը համարյա միշտ առաջ է անցնում,  իսկ քաղաքական ու սոցիալական զարգացումների համար պահանջվում է ավելի տեւական ժամանակ, քանի որ փոխվում են մարդկանց մտածողությունն ու ընկալումները, պետության ու միմյանց հետ փոխհարաբերությունները: Համաշխարհային բանկը քաղաքականությանը չի խառնվում, բայց առաջիկա ընտրությունների հաջող ընթացքը կարեւոր է տնտեսական զարգացումները պահպանելու համար` նշեց պարոն Ռոբինսոնը, հավելելով, որ ինքը պաշտոնավարելու է Ղրղզստանում եւ միշտ մնալու է Հայաստանի բարեկամը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հաջողություններ մաղթելով պարոն Ռոբինսոնի հետագա գործունեությանը, նշեց, որ հետխորհրդային տարածքի երկրներում անկախության ձեռքբերման առաջին տարիներին կարեւորվում էին տնտեսական զարգացումները, բայց զարգացման տրամաբանական ընթացքը բերեց այն գիտակցության, որ հասարակական կյանքը եւս պետք է բարեփոխվի եւ երկրի հաջողությունը պայմանավորված է քաղաքական-հասարակական-տնտեսական բարեփոխումներով: Հասարակական կյանքի բարեփոխումների մեջ քաղաքական մեխանիզմների բարելավումն առանձնահատուկ նշանակություն ունի: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը գտնվում է զարգացման հետաքրքիր իրավիճակում եւ վստահություն հայտնեց, որ երկու-երեք տարում հասարակական կյանքի բարեփոխումներով հնարավոր է հաջողության հասնել եւ մարդկանց համար արժանապատիվ կյանքի լիարժեք հնարավորություններ ստեղծել: