Տպել
13.05.2024
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան
1 / 10

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն.  ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 13-ին: Պատվիրակության անդամների կազմում եղել են Նեպալի խորհրդարանի, ազգային ռազմավարական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, վիճակագրական կոմիտեի, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը կարեւորել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում համագործակցությունը:

Նարեկ Բաբայանը, խոսելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով կրթական եւ գիտության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին, ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ այն հանդիսանալու է ժամանակակից հետազոտական եւ նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր:

Անդրադարձ է կատարվել հանրակրթական ոլորտում իրականացված փոփոխություններին, կրթական նոր չափորոշիչներին, կրեդիտավորման համակարգին, նոր դասագրքերի տպագրությանը, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, դպրոցի տնօրենի ընտրության կարգում իրականացված փոփոխություններին, վերջին տարիներին գիտության ոլորտում պետական ֆինանսավորման աճին:

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի զարգացման, տնտեսական հարցերի եւ արդյունավետ կառավարման կոմիտեի քարտուղար Ռոջ Նաթ Պանդեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, խոսել է Նեպալի խորհրդարանի կառուցվածքի եւ գործունեության մասին:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խումբ ձեւավորելու անհրաժեշտությունը:

Միքայել Թումասյանը ներկայացրել է համայնքների խոշորացման գործընթացը՝ շեշտելով առավելություններն ու ձեռքբերումները: Նա անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական ծրագրերին, խոսել իրավական բարեփոխումների, միջպետական, միջհամայնքային  ճանապարհաշինության մասին:

Պատվիրակության անդամների խնդրանքով Նարեկ Բաբայանը պարզաբանումներ է ներկայացրել նախադպրոցական կրթության, կրթության՝ մասնավոր եւ պետական համակարգի տարբերությունների, բժշկական կրթության, բժշկական կադրերի պատրաստման համակարգի վերաբերյալ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...