Տպել
13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
1 / 6

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ նախագծով նախատեսվում է սահմանափակ եւ աստիճանական ընդլայնում դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք: Մասնավորապես՝ Ենթասահարական Աֆրիկա ասելով՝ նկատի են առնված Կոտ դԻվուարը, Բենինը, Գանան, Քենիան, Նիգերիան եւ Սենեգալը:

Բանաձեւը բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունվել է 2023 թվականի մայիսի 18-ին: Այն ենթադրում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում մի քանի երկրներ: Փոխնախարարի տեղեկացմամբ նախագծով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: