Տպել
26.04.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնություններին
1 / 2

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության ընդունմամբ կապահովվեն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները, եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները կհամապատասխանեցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներին: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն միտված է վարչական դատավարության ընթացքում դատավորների կողմից վեր հանված մի շարք ընթացակարգային խնդիրների լուծմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում էլ ներկայացված փոփոխությունները հիմնականում ուղղված են Վարչական դատարանի ծանրաբեռնվածության թոթափմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրինագծերին:

Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը լրամշակելու նպատակով հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամսով:

Հետաձգվել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւս հետաձգվել է: