Տպել
21.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
1 / 8

Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները. ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ հանդիպման ընթացքում:

Ռուստամ Բաքոյանը համոզմունք է հայտնել, որ Էնդրյու Թըրների նշանակումը եւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը նոր խթան կհանդիսանան արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերությունների համար:

Նա երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարդասիրական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ տարբեր միջազգային հարթակներում կանադական կողմի հնչեցրած հայամետ հայտարարությունների համար:

Ներկայացնելով անվտանգային իրավիճակը Հայաստանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար հարձակումներ է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ: Նա անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ շեշտելով, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը հրատապ անհրաժեշտություն է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն անում է առավելագույնը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հասնելու համար. «Հենց այդ նպատակով մեր կառավարության կողմից մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Համոզված եմ, որ ծրագիրը կյանքի կոչելու հարցում Կանադայի ներդրումը մեծ է լինելու»,- ասել է Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ Հայաստանում ունենք նաեւ ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման անհրաժեշտություն: Նա ընդգծել է, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը պատրաստակամություն է հայտնել միանալու այս առաքելությանը:

Պատգամավորը խոսել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված եւ բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայերի բնակարանային, սոցիալական, կրթական եւ մյուս խնդիրները հոգալու նպատակով միջազգային աջակցության անհրաժեշտության մասին:

Ռուստամ Բաքոյանը, անդրադառնալով հայ-կանադական խորհրդարանական համագործակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերին, որպես կարեւոր ազդակ նշել է նաեւ փոխադարձ այցերը:

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար: «Հայաստանը եւ Կանադան ունեն շատ ընդհանուր արժեքներ, որոնցից են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ Կանադան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 21-ին, որին մասնակցել են հանձնաժողովի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ, չափազանց կարեւորել է վերջին՝ ամառային նստաշրջանի ընթացքում ընդունված հայանպաստ բանաձեւերը: Նա տեղեկացրել է, որ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Արթուր Հովհաննիսյանը, կարեւորելով համաձայնագրի ընդունումը, վերահաստատել է, որ տարածաշրջանի բոլոր երկրներին անհրաժեշտ է խաղաղություն:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին, ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը, ԼՂ տարածքում մշակութային ժառանգության ոչնչացմանը՝ ընդգծելով ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը, ինչպես նաեւ խոսել ժողովրդավարական խնդիրների մասին: