Տպել
18.03.2024
Առաջարկվում է առավել հստակեցնել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի կարգավորումները
1 / 6

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականին եւ անցնող ժամանակաշրջանում այն մի քանի անգամ  լրամշակվել է,  կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Ոլորտը շարունակական զարգացման ընթացքի մեջ է եւ իրավահարաբերությունները կարգավորելու ու առավել հստակեցնելու անհրաժեշտություն կա:

Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝  մարտի 18-ի նիստում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  լրամշակված  նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է լրամշակված նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական կարծիքը՝ նշելով սակայն որոշ մասեր վերանայելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին եւ աշխատել նախագծի վրա: Հեղինակն ընդունել է առաջարկը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: