Տպել
21.09.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի առիթով, որտեղ ասվում է.

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Անկախության մեկ ու կես տասնամյակը եղել է դժվարին փորձությունների ու մաքառումների, ծանր կորուստների ու զրկանքների, բայց միաժամանակ մեծ հաղթանակների ու ձեռքբերումների, ինքնահաստատման եւ ազգային ինքնության վերարժեւորման շրջան: Մեր ժողովրդի անսահման տոկունության շնորհիվ կարողացանք դիմակայել բոլոր փորձություններին եւ այսօր ունենք երկու հայկական պետություն, մեր սահմանները հուսալիորեն պաշտպանող, կայացած ազգային բանակ, ամուր հիմքեր ունեցող տնտեսություն:

Մեզ համար չափազանց թանկ այս տոնին մենք պետք է արձանագրենք նաեւ, որ մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքների իրականացման ճանապարհին դեռեւս կան մարտահրավերներ ու խնդիրներ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում,  պետականության կայացման դժվարություններն իր ուսերին տարած ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովում, սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պետության կայացում, միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրում:

Անկախությունը մեծագույն երջանկություն է եւ միաժամանակ անսահման պատասխանատվություն:

Վերստին շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ սեր` Հայրենիքի ու միմյանց նկատմամբ, երջանկություն ու հաջողություններ` բոլորիս ու յուրաքանչյուրիս»: