Տպել
29.02.2024
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ո՛չ պատգամավորների, ո՛չ Կառավարության կողմից առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:

Պաշտպանության փոխնախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է ներդնել մարտական գործողություններին անմիջականորեն չմասնակցող զինվորական ծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության եւ մասնագիտական գիտելիքների թեստերը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս եւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: