Տպել
29.02.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը
1 / 7

Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:  Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին, որը տեղի է ունեցել երեկ: Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխող խմբակցությանը, որը չէր մասնակցել գաղտնի քվեարկությանը, ինչի  արդյունքում Դավիթ Բալայանը չէր ընտրվել:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին՝ Բաբկեն Թունյանը նշել է, թե երեկ հավանաբար առաջին նախադեպն էր, որ ընդդիմությունն ամբողջ կազմով մասնակցել է  ընտրության: Պատգամավորը հստակեցրել է՝ խմբակցությունն օգտվել է  իրեն վերապահված  իրավունքից, քանի որ համապատասխան  օրենքի համաձայն պատգամավորը կարող է ընտրել, չընտրել կամ չմասնակցել ընտրության:

«Շատ կարեւոր կառույցի նախագահի ընտրության հարցն է»,- վերադառնալով քննարկվող հարցին՝ ասել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ սա այն կառույցն է, որի հետ կապված խնդիրներն ու հարցերը բազմաթիվ են, քանի որ  առնչվում են  բոլոր քաղաքացիներին  ամենօրյա գործունեության մեջ:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովն արդյունավետ աշխատել է կառույցի հետ, ունեցել բազմաթիվ քննարկումներ:

Եզրափակիչ ելույթում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ: