Տպել
28.02.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
1 / 13

Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:  Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը  ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Գարեգին Բաղրամյանը 2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, եւ այդ պաշտոնում աշխատում է առայսօր: Այդ աշխատանքին զուգահեռ դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի շարք ձեռնարկների եւ  գիտական հոդվածների: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով եւ այլ պարգեւներով:

Գնել Սանոսյանը ներկայացրել է հանձնաժողովի հետ նախարարության աշխատանքը` դրական գնահատելով այն:

Ելույթ ունենալով` Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանն այդ պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը երկրորդ անգամ  առաջադրելու համար, անդրադարձել նախորդ հինգ տարիների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքի ուղղություններին, սակագնային եւ ներդրումային քաղաքականությանը,  առաջիկա անելիքներին: «Հայտնում եմ իմ պատրաստակամությունը` ձեր վստահության քվեն ստանալու պարագայում աշխատանքային փորձս եւ գիտելիքներս ներդնել կարգավորողի առջեւ դրված նպատակներին հասնելու` ի բարօրություն մեր սպառողների եւ մեր երկրի զարգացման»,- ամփոփելով ելույթը` ընդգծել է թեկնածուն:

Հարցուպատասխանի ընթացքում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, որոնք վերաբերել են ոլորտում ներդրումային քաղաքականությանը, ուռճացված ծախսերին, ճանապարհաշինական աշխատանքների ցածր որակին, էներգետիկ անվտանգության հարցին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, որը վերջին 4 տարիների ընթացքում բարձրացել է 20 տոկոսով, գազի ներտնային սպասարկման հարցում առկա խնդիրներին, ջրի որակին, գազի կալորիականությանը եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 29-ին:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: