Տպել
28.02.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 7

Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է:

«Նախաձեռնության ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների` որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալ վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին»,- ընդգծել է նախաձեռնության հեղինակը: Նրա տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Ողջունելով նախաձեռնությունը` պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը: «Ունենք իրավիճակ, երբ կա աշխարհազոր, որն իրականացնում է զինծառայողներին հավասար պարտավորություններ, սակայն քրեորեն սահմանված չէ պատասխանատվություն հանրորեն վտանգավոր արարք կատարելու դեպքում»,- ընդգծել է փոխնախարարը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով նախաձեռնությամբ կարգավորվում է հարկային եւ մաքսային ծառայություներում ժամանակավոր թափուր պաշտոնների նշանակված անձանց հարցը: Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել. Կառավարությունը հանդես է եկել տեխնիկական բնույթի առաջարկներով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: