Տպել
28.02.2024
Փոփոխություններ են առաջարկվում ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ
1 / 4

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ  2014 թվականի հուլիսի 1-ը  Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ  հետեւյալն է.    կենսաթոշակը հաշվարկվում է մինչեւ   2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած  պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Ներկայացնելով ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված  դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած  վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի եւ համապատասխան տոկոսադրույքի հաշվարկով: 
 
Նախագիծը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ ՍԴ համապատասխան  որոշմամբ արձանագրված պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է ՍԴ երկու պաշտոնաթող դատավորի կենսաթոշակի վերահաշվարկի վրա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը: