Տպել
26.06.2023
Նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ
1 / 9

Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը. առաջին ընթերցմամբ ներկայացնելով  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Հարցը քննարկվել է հունիսի 26-ի  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենսգրքի 8-րդ, ինչպես նաեւ մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարույթային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը: Առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ. այն էապես նվազեցնելու է քննչական մարմիններում ծախսերը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսաձայնագրման եւ տվյալների պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կարիքի ձեւակերպման համար պետք է առաջնորդվել բարեփոխման ռազմավարական նպատակներով` հարկ է արձանագրել, որ  ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել դրանք սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը»,- ասել է Լիլիթ Մինասյանը:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով նախագծով նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նշելով, որ Կառավարությունը կողմ է նախագծին, ընդգծել է, որ կարեւոր քայլ է կատարվում նախաքննության ոլորտում եւ իրականացվում են էական բարեփոխումներ: Նախաքննությունը 2023 թ. սեպտեմբերի 1-ից պետք է ամբողջությամբ կատարվի էլեկտրոնային եղանակով:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է ապահովվելու անվտանգային միջավայրը եւ սերվերները գտնվելու են ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ ՀՀ տարածքից դուրս: Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ անվտանգային առումով կիրառվում է միջազգային հեղինակավոր ԻՍՕ 27 00 ստանդարտը. ներկայիս տեխնիկական լուծումն ապահովելու է այդ ստանդարտի կիրառումը: Իսկ ամպային սերվերային տնտեսությունը, որտեղ պահպանվելու են քննչական գործողությունների տեսաձայնագրությունները, գտնվելու է Հայաստանի Հանրապետությունում:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: