Տպել
15.06.2023
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության անդամներն ու մարզպետները
1 / 4

Կառավարության անունից ելույթ ունենալով` ՀՀ էկոնոմիկայի  նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է մի շարք փաստեր` նշելով, որ 2000 թվականին Հայաստանից արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ  կազմել է 29,4 տոկոս, ներմուծումը` 46,6 տոկոս: 2007 թվականի արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է` կազմելով 15,5 տոկոս, իսկ ներմուծումը մնացել է գրեթե նույնը` 43 տոկոս, առեւտրային դեֆիցիտը մոտավորապես 30 տոկոս է կազմել ՀՆԱ-ի նկատմամբ:

«Այսինքն` սարսափելի մեծ ճեղք ենք ունեցել արտահանման եւ ներմուծումների նկատմամբ»,- ասել է նախարարը:

Վահան Քերոբյանն ընդգծել է, որ 2022 թվականն ավարտվել է պատմական ռեկորդով: 48,3 տոկոս կազմել է արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ` այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 51,3 տոկոս: Նախարարի խոսքով սա նշանակում է, որ առեւտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակում է գտնվել այդ տարում:

Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին` Վահան Քերոբյանը հայտնել է, որ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հատել է այն թիրախը, որը Կառավարությունը դրել էր 2026 թվականի համար եւ կազմել է 62,6 տոկոս: «Սա, մեր կարծիքով, հրաշալի արդյունք է: Ընդ որում, ներմուծման թիվը կազմել է 64,2 տոկոս, ինչը նշանակում է, որ արտաքին առեւտրային սալդոն բացասական է ընդամենը ՀՆԱ-ի 1,6 տոկոսի չափով: Այսպիսի թիվ մեր տնտեսության մեջ երբեւիցե չի եղել»,- շեշտել է նախարարը` ներկայացնելով նաեւ ոլորտային ցուցանիշներ: Նշվել է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին հատել է 1 մլրդ դոլարի սահմանաչափը:

Արտահերթ ելույթում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 2022 թվականին պետական ֆինանսավորմամբ մարզում իրականացված ծրագրերը:

Զեկուցողի խոսքով հատկացումները հիմնականում ուղղված են եղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հանրակրթության ֆինանսավորմանը, համայնքային դոտացիաների տրամադրմանը:

«2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 28 ծրագիր»,- տեղեկացրել է մարզպետը եւ հավելել, որ 2023 թվականին նախատեսվել է 6,6 մլրդ դրամի, իսկ 2024 թվականին շուրջ 11 մլրդ դրամի աշխատանք:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը` Ռոբերտ Ղուկասյանը փաստել է, որ խմբի կողմից մարզում իրականացվել են շուրջ 1,78 մլրդ դրամի ծրագրեր. սահմանամերձ բնակավայրերին տրամադրվել է շուրջ 400 փոքր գյուղտեխնիկա:

Մարզպետը բարձրաձայնել է Շուռնուխ գյուղում կառուցվող 13 բնակարանների մասին` նշելով. «Շուտով այդ ծրագիրը կավարտվի, եւ Շուռնուխի բնակիչները կվերադառնան իրենց նոր տները»:
Ընդգծվել է, որ կրթության ոլորտում ներդրումները եղել են աննախադեպ:

Ռոբերտ Ղուկասյանը խոսել է նաեւ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով մարդկանց կեցության, սննդի եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

«Իրականացված աշխատանքների արդյունքում 2022 թվականին ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 5,5 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշը»,- ընդգծել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նրա խոսքով 2022 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 15 մլրդ դրամ:

«2022 թվականին` որպես զարգացման նոր թիրախ եւ նոր նախաձեռնություն, պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են նաեւ Հայաստանի առաջին հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը եւ տիեզերալուսանկարների ձեռքբերմանը»,- նշել է նախարարը:

Ըստ զեկուցողի` ոլորտի զարգացման համար պետբյուջեից հատկացումներն ուղղվել են կադրերի թիրախավորված վերաորակավորմանը, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը եւ առաջխաղացմանը, ինչպես նաեւ տեղական ընկերություններին աջակցության տրամադրմանը, նոր ընկերությունների ստեղծման խթանմանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները` ըստ ծրագրերի եւ միջոցառումների:

Նախարարության փաստացի ծախսը նախորդ տարի կազմել է 613,6 մլրդ դրամ, որի շրջանակում 16 ծրագրով իրականացվել է 123 միջոցառում: Կատարողականը կազմել է 98,9 տոկոս:

«2022 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում մենք ընդլայնել ենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ եւ դրամաշնորհային գործիքի միջոցով հկ-ներին տրամադրվել է շուրջ 730 մլն դրամ»,- տեղեկացրել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաեւ անդրադարձել է 2022 թվականին ժողովրդագրության բնագավառում իրականացված միջոցառումներին: