Տպել
13.06.2023
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը` տարածքային նկրտումներ ունենալով Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Հերիքնազ Տիգրանյան
1 / 1

Հունիսի 13-16-ը Մարաքեշում ընթացող Միջխորհրդարանական միության` միջդավանանքային երկխոսությանը նվիրված համաժողովին ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը:

«Հարգելի' գործընկերներ,

Նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր մարոկկացի տանտերերին այս կարեւոր համաժողովի հրաշալի կազմակերպման համար:

Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Սա ընդգծում եմ մեր Համաժողովի խորագրի համատեքստում` հատկանշելու համար, որ մարդու իրավունքների հարգումը եւ պաշտպանությունը վերպետական եւ վերկրոնական է: Այն համընդհանուր արժեք է:

Օրենքի գերակայությունն օրենքի առաջ բոլորի հավասարությունն իրավական պետության հիմնասյունն ու հիմնական սկզբունքներից է:

Ցավոք, մենք տեսնում ենք, որ որոշ պետություններ չեն հարգում օրենքի գերակայությունը, չեն կատարում անգամ միջազգային ատյանների որոշումները, եւ այդ ամենը մնում է անհետեւանք եւ առանց պատասխանատվության: Իմ կարծիքով սա անթույլատրելի երկակի ստանդարտ է եւ ժողովրդավարությունից հետքայլ:

Մասնավորապես, Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց է կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը: Սակայն անցել է ավելի քան չորս ամիս, եւ այս որոշումը չի կատարվել: Ավելին` Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով եւ փակելով Լեռնային Ղարաբաղի` 120.000 մարդու կյանքի ճանապարհը` դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղետ:

Ադրբեջանն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից եւ արդարադատությունից` անտեսելով նաեւ միջազգային հանրության հստակ կոչերը միջանցքը բացելու պահանջով:

Այսօր աշխարհը, այդ թվում` մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առաջ: Եվ քանի դեռ աշխարհի ուշադրությունն արդարացիորեն բեւեռված է Ուկրաինայում պատերազմի վրա, Ադրբեջանն օգտվում է առիթից եւ շարունակում իր ագրեսիվ քաղաքականությունը` տարածքային նկրտումներ ունենալով Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ: Պարբերաբար ռազմական սադրանքների դիմելով վերջին երկու տարվա ընթացքում օկուպացրել է մեր պետության 150 քկմ տարածք:

Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Գործընկերնե'ր, ավտորիտար համակարգը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը, սա չի կարելի հանդուրժել, հարգելի' գործընկերներ, պետք է զսպել ագրեսորին:

Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է Հերիքնազ Տիգրանյանը: 
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...