Տպել
13.06.2023
Միջազգային համաձայնագրով կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն. Էկոնոմիկայի նախարար
1 / 4

Հունիսի 13-ի հերթական նիստում Ազգային ժողովը քննարկել է ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին Երեւանում ստորագրված համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձեւաչափով եւ նախատեսում է ստեղծել Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, որը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ իր իրավասության շրջանակում միջազգային պայմանագրեր կնքելու իրավունքով:

Նշվել է, որ համաձայնագրով սահմանվում են ընկերության խնդիրները, գործառույթները եւ այլն: Ամրագրված է երրորդ երկրների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների անդամակցության, ինչպես նաեւ անդամակցության դադարեցման կարգը:

Նախարարի հավաստմամբ ընկերության նպատակն է արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումը եւ ներդրումները վերաապահովագրել ԵԱՏՄ անդամ պետություններում եւ երրորդ երկրներում:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը նորաստեղծ վերաապահովագրական ընկերությանը կմասնակցի երեք տոկոսի չափով՝ ներդնելով 450 մլն ռուբլի: Նա փաստել է, որ հիմնական նպատակներից է աջակցել հայ արտահանողներին:

Ըստ նախարարի՝ միակ միջազգային ընկերությունն է, որն իր գործունեությունը ծավալելու է Երեւանում, ինչը մեծ ձեռքբերում է:

Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ընկերության գործառույթներին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործունեությամբ, թե վերջին տարիներին գործնականում որքան օգուտ է տվել:

Ի պատասխան՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ գործակալությունը հիմնադրվել է 2013 թվականին՝ 1 մլրդ 950 մլն դրամ սկզբնական կապիտալով: Ներկա դրությամբ կապիտալը շուրջ 2.5 մլրդ դրամ է, որովհետեւ շահույթ է կուտակվել: Ըստ նախարարի՝ 2021 թվականին էական աճ է գրանցվել ապահովագրական գործարքներում: 2020 թվականին շուրջ 20 մլրդ դրամի գործարքներ են ապահովագրվել, իսկ 2021 թվականին՝ 36 մլրդ, գրանցվել է մոտ 80 տոկոս աճ: Նախարարի հավաստմամբ 2022 թվականին, պայմանավորված մի շարք խնդիրներով, գրանցվել է անկում: Գտնվել է միջանկյալ որոշում՝ տեղական ապահովագրական կազմակերպություններից մեկի միջոցով իրականացնել ապահովագրական գործարքները: Սակայն, ըստ նախարարի, լուծումն ազգային վերաապահովագրական ընկերության ստեղծումն է: Նախարարը կարծիք է հայտնել, որ ընկերության ստեղծումով կգերազանցեն 2021 թվականի ծավալները:

Հարակից զեկուցող, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, փաստել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հանրապետությունների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...