Տպել
12.06.2023
Կայացել է Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը
1 / 4

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին  պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Դավիթ Դանիելյանը:

ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը կայացել է հունիսի 6-ին` Մինսկում: Այն նախագահել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վալերի Միցկեւիչը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանը:

Քննարկվել են հայ-բելառուսական միջխորհրդարանական երկխոսությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել միջազգային քաղաքականությանը եւ տարածաշրջանային ընթացիկ իրադրությանն առնչվող արդի խնդիրների շուրջ: Դիտարկվել է հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության ներուժը` հաշվի առնելով ԵԱՏՄ-ում Հայաստանի եւ Բելառուսի անդամակցությունն ու փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային-հումանիտար կապերի զարգացմանը` ներառյալ երկկողմ համագործակցությանը գիտության եւ կրթության բնագավառում:

Որոշում է կայացվել հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 14-րդ նիստն անցկացնել 2024 թվականին Երեւանում:

Լուսանկարները՝ Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքէջից: