Տպել
06.06.2023
Նախաձեռնությամբ ուժը կորցրած են ճանաչվում ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող դրույթները
1 / 3

Պետական եկամուտների կոմիտեի կազմից դուրս է եկել քննչական ստորաբաժանումը, սակայն օրենքում դեռեւս առկա են ՊԵԿ քննիչների մասով որոշ կարգավորումներ: Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները:

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 6-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նախաձեռնությամբ նաեւ առաջարկվում է ճշգրտել դատավորի, դատախազի, քննիչի պաշտոն ունեցած անձանց կենսաթոշակը զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարից հաշվարկ կատարելիս: Արդյունքում՝ նվազ կենսաթոշակ ստացած անձանց համար կկատարվի վերահաշվարկ եւ կվճարվի պակաս վճարված մասը:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ն ՊԵԿ-ի քննչական մարմիններում կամ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց կենսաթոշակների հաշվարկման հետ կապված խնդիր է առաջացել կամ վերջիններս զրկվել են կենսաթոշակի իրավունքից:

«Մեր տեղեկություններով վերջին մի քանի ամսվա ընթացքում կենսաթոշակի անցնող քննիչ չենք ունեցել: Հետեւաբար, որեւէ անձի իրավունք չի խախտվել»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել՝ անցումային դրույթներով նախատեսվել է, որ եթե նման երեւույթ ի հայտ գա, ապա կկատարվի համապատասխան վերահաշվարկ եւ կարգավորումից տուժող չի լինի:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: