Տպել
30.05.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 8

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս: Այն 1,5 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է եկամտային հատվածը՝ նշելով, որ ճշտված պլանը եւ փաստացի կատարողականը նախորդ տարի կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 339,1 մլրդով, իսկ 2022 թվականի բյուջեի սկզբնական պլանը գերազանցել է 82,1 մլրդով կամ 4,5 տոկոսով, ինչը նախորդ տարվանից  ավելի էր 21,4 տոկոսով.

«Կադաստրի կոմիտեն 2022 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 6 միջոցառում. 6-ի փոխարեն իրականացվել է 9 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 4,4 մլրդ դրամ, որն այնուհետեւ ավելացվել է. փաստացի իրականացվել է 4,8 մլրդ դրամի ծրագիր»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Կադաստրի կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց 2022 թվականին ծառայությունների վճարի եւ պետական տուրքի տեսքով պետական բյուջե է մուտքագրվել 7 մլրդ 314 մլն դրամից ավելի գումար: Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրի կատարողականը կազմել է 98,8 տոկոս»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: Նրա խոսքով գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքի շրջանակում իրականացվել է երկու միջոցառում, ավարտվել են 2021 թվականի ընթացքում ՀՀ տարածքի օդալուսանկարահանման արդյունքում ստացված օրթոֆոտոհատակագծերի վերջնական մշակման աշխատանքները, ինչպես նաեւ իրականացվել են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման աշխատանքները: Արդյունքում, ունենք միջազգային չափանիշներին համապատասխան գործող ռեֆերենս կայանների ցանց:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ 2022 թվականին կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս: Ծախսային ուղղություններին անդրադառնալով՝ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ 117,5  մլն դրամ հատկացվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերի համար, ինչն իրականացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծախսերի համար հատկացվել է 277 մլն դրամ, ինչը նույնպես 100 տոկոսով իրականացվել է: Այս գումարով մշակվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի շուրջ 199 բնակավայրի միկրոռեգիոնալ հատակագծային պլանավորման փաստաթղթեր եւ գլխավոր հատակագծեր: Կապիտալ շինարարության ծրագրային ծախսերի համար հատկացվել է 14 մլրդ 916 մլն դրամ, ինչն իրականացվել է 90 տոկոսով: Կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով: Կոմունալ ծախսերի տնտեսման արդյունքում տնտեսվել է 4,9 մլն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ներկայացնելով կատարողականը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի 2022 թվականի բյուջեն կազմել է 995 մլն դրամ, փաստացի ծախսվել է 991 մլն դրամ, ինչը կազմում է 91,4 տոկոս:

Զեկուցողը նշել է, որ հիմնական խնայողությունը պայմանավորված է էներգետիկայի բնագավառում նախորդ տարվա ընթացքում կատարած ներդրումների տեխնիկական աուդիտի իրականացման միջոցառման գծով մրցույթի արդյունքում առաջացած տնտեսված գումարից, որը կազմում է 85 մլն դրամ:

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները կազմել են հանձնաժողովի հաստատված բյուջեի 77 տոկոսը, իսկ 23տոկոսը կազմել են բնականոն ապահովման անհրաժեշտ այլ ծախսերը:

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին հանձնաժողովն ապահովել է 8 մլրդ 356 մլն դրամի չափով պետական տուրքերի հարկային եւ այլ եկամուտների մուտքեր պետական բյուջե, որից 995 մլն դրամը կարգավորման վճարներն են:

Անդրադառնալով արդյունքային ցուցանիշներին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասով կան թիրախային ցուցանիշներ՝ պայմանավորված 2016 թվականից ներդրված խթանիչ սակագնային քաղաքականությամբ: 2022 թվականին հանձնաժողովի կողմից տրամադրվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 9, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի 10 լիցենզիա:

Նախորդ տարի լրամշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առեւտրային կանոնները: Արդյունքում ինքնավար էներգիա արտադրողները հնարավորություն են ստացել ձեւավորել ինքնավար խմբեր եւ արտադրված էլեկտրաէներգիան սպառել իրենց տարբեր միացման կետերում:

Գարեգին Բաղրամյանը նաեւ տեղեկացրել է, որ 2022 թվականին ինքնավար էներգաարտադրողների թիվն ավելացել է 3342-ով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովի՝ 2022 թվականի նախնական բյուջեն կազմել է 544.269 միլիոն դրամ, ճշտված պլանը՝ 541.959 միլիոն դրամ, որից ծախսվել է 533 միլիոնը՝ 98.4 տոկոսը: Խնայողությունը կազմել է 8.859 միլիոն դրամ:

Անցյալ տարի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, բարելավվել է մրցակցային միջավայրի գնահատականը: Ըստ զեկուցողի՝ Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում գտնվում է լավագույն տասնյակներում: Փոփոխություններ են արձանագրվել բազմաթիվ ապրանքային շուկաներում, նույնիսկ այն շուկաներում, որոնք մրցակցության առումով եղել են բարձր կենտրոնացվածություն ունեցող:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին հարուցվել է 142 իրավախախտման վերաբերյալ վարույթ, 98-ը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ, 44-ը՝ հաղորդման հիման վրա: Եզրափակվել է 151 վարույթ: Տրվել է 38 նախազգուշացում, որից 2-ը՝ պետական մարմիններին: Պատասխանատվության են ենթարկվել 941 տնտեսվարող սուբյեկտներ, նշանակվել է 626.814.727 միլիոն դրամի տուգանք: Պետական բյուջե է վճարվել 414.601.204 միլիոն դրամի տուգանք: Դատական կարգով անցյալ տարի 31 գործից ավարտվել է 17-ը, որոնցից 15-ի դեպքում հանձնաժողովի որոշումները դատական համակարգը գտել է, որ ճիշտ են, մյուս 2-ի դեպքում այլ որոշում է կայացվել:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...