Տպել
23.05.2023
Հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել 2022 թ. տարեկան հաղորդումը
1 / 2

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 23-ի ԱԺ հերթական նիստում ներկայացրել է պալատի 2022 թվականի տարեկան հաղորդումը:

Նրա խոսքով 2022 թվականին Հաշվեքննիչ պալատն ապահովել է իր գործունեության կատարումը, որը համահունչ է եղել արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առավելությանը, այն է՝ նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավվելուն:

Նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 72 հաշվետվություն 18 պետական մարմիններում, որը ծածկել է պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 91,1 տոկոսը:

Հաշվեքննիչ պալատի գործնեության ծրագրի երեք մասով իրականացվել է 54 հաշվեքննություն. առաջին մասով իրականացվել է 40 հաշվեքննություն 10 պետական մարմիններում:

2022 թվականի ծրագրի երկրորդ մասում իրականացվել է 11 հաշվեքննություն: Դրանք եղել են ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ գնահատված ծրագրային կետերի ուղղությամբ: Ծրագրային 18 կետից 11-ն ավարտվել է:

Հաշվեքննիչ պալատի նախագահը տեղեկացրել է, որ գործունեության ծրագրի երրորդ մասով իրականացվել է միջազգային պայմանագրերով նախատեսված 3 միջոցառում:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննությունների արդյունքում ձեւավորված կարծիքները սահմանված կարգով հրապարակվել են բոլոր այն դեպքերում, եթե չեն պարունակել դասակարգված տեղեկատվություն:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին մասում ներառված 40 հաշվեքննությունները ֆինանսական եւ համապատասխանության բնույթի են եղել:

Մաս երկուսով  ներառվածներից 2-ը եղել են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություն, 3-ը միայն համապատասխանության,  5-ը՝ կատարողականի:

Մաս երեքով այն միջազգային պայմանագրերի  կանխորոշված միջոցառումներն են եղել, որոնց տրամաբանությունը բխել է այդ պայմանագրերից:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2022 թվականին Հաշվեքննիչ պալատը տվել է 4 դրական եւ 1 ոչ լիարժեք եզրահանգում:

Հաշվեքննությունների արդյունքում 13 գերատեսչությունում արձանագրվել է 138 անհամապատասխանություն, 6 գերատեսչությունում՝ 26 խեղաթյուրում:

ՀՊ նախագահը նշել է, որ հաշվեքննություններով արված առաջարկները նպատակ են ունեցել նպաստել հանրային ֆինանսների եւ հանրային սեփականության կառավարումը բարելավելուն: Նա տեղեկացրել է, որ առաջարկները եղել են 66-ը. 25-ը ուղղված են եղել համակարգին, 23-ը՝ արդյունքին, 18-ը՝ խնդրին:

Հաշվեքննիչ պալատը գործունեությունը կազմակերպել է 23 նիստերի   միջոցով՝ 12 հերթական եւ 11 արտահերթ: Նիստերի ընթացքում ընդունվել է 269 որոշում:

2022 թվականին ապահովվել է 2020-2023 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակում ձեւակերպված նպատակների՝ 2022 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացումը: Դրանցից 8-ն ամբողջությամբ իրականացվել է, 2-ը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին Հաշվեքննիչ պալատը նախագծել է իրավական դաշտի բարելավմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը եւ այն դրել է շրջանառության մեջ:

Անդրադառնալով իրավապահ մարմինների հետ համագործակցությանը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու տարում հաշվեքննության նյութերով 6 առանձին ուղղություններով քրեական վարույթ է նախաձեռնվել իրավապահ մարմինների կողմից: Նա տեղեկացրել է, որ ըստ առաջնահերթությունների՝ համատեղ նիստերով մշտական հանձնաժողովների հետ կազմակերպվել են տարբեր քննարկումներ, որտեղ մանրամասն ներկայացվել են հաշվեքննությունների արդյունքները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր ելույթում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի աշխատանքը եւ նշել, որ գտնվել է Ազգային ժողով-Հաշվեքննիչ պալատ համագործակցության արդյունավետ ձեւաչափ, որի շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Այդ համագործակցությունը, ըստ պատգամավորի, միտված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Գեւորգ Պապոյանը նշել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ֆինանասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող երկու եւ ավելի հանձնաժողովների համատեղ նիստերին, որոնց ընթացքում քննարկվում են  Հաշվեքննիչ պալատի արձանագրած ոլորտային խնդիրների վերաբերյալ եզրակացությունները: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ քննարկումներին մասնակցում են նաեւ ընդդիմադիր պատգամավորները:  «Այդ քննարկումներով՝ օգտվելով Սահմանադրական գործիքակազմից,  մենք նաեւ մեր խորհրդարանական վերահսկողությունն ենք իրականացնում Կառավարության գործունեության նկատմամբ, եւ այս համատեքստում պալատի եզրակացությունները շատ կարեւոր նշանակություն ունեն»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

Հանձնաժողովի նախագահը նշել է,  որ Ազգային ժողովն ու հանձնաժողովները հանդես չեն գալիս դատավորի դերում. դա առողջ քննարկում է, որի ընթացքում պատգամավորները, նախարարություններն ու գործադիրի ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն  են ներկայացնում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ վերջնարդյունքում հաճախ Կառավարության գործընկերները նշում են, որ քննարկումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ փոփոխություններ կատարելու հանձնառություն են ստանձնում: Գեւորգ Պապոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս  ՀՀ Սահմանադրության եւ մի շարք օրենքների փոփոխության արդյունքում պալատը ոչ թե վերահսկող, այլ ավելի շատ օգնող ու աջակցող  գործառույթ է իրականացնում: Նա ընդգծել է Հաշվեքննիչ պալատի ներկայացրած առաջարկությունների կարեւորությունը եւ հորդորել Կառավարության իր գործընկերներին ուշադրություն դարձնել դրանց: Գեւորգ Պապոյանը նաեւ հորդորել է Հաշվեքննիչ պալատին եզրակացությունների բովանդակությունը դարձնել ավելի խորքային:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...