Տպել
17.05.2023
Թբիլիսիում կայացել է ՀՀ ԱԺ եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ անդրանիկ նիստը
1 / 3

Մայիսի17-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ անդրանիկ նիստը: Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից նիստին մասնակցել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Մարիամ Լաշխին եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Դավիթ Մատիկաշվիլին եւ Գրիգոլ Վաշաձեն: 
  
Ջերմորեն ողջունելով ՀՀ ԱԺ պատգամավորներին` Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը կապված են պատմամշակութային մեծ ժառանգությամբ` այդ կապը բնորոշելով որպես շատ յուրօրինակ: 
  
Նիկոլոս Սամխարաձեն, անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը, ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ հավելել, որ հանձնաժողովների միջեւ պարբերաբար հանդիպումներն իրենց հերթին կբերեն ցանկալի արդյունքի` ի շահ մեր տարածաշրջանի: 
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել Հայաստանի ու Վրաստանի միջեւ երկկողմ ռազմավարական գործընկերության հաստատման անհրաժեշտությունը: Նշվել է, որ աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների պայմաններում շատ կարեւոր է Վրաստանի դերը տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում: 
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ մարտահրավերները, որոնց բախվում են Հայաստանն ու Վրաստանը, շատ նման են եւ անհրաժեշտ է միավորել ջանքերը դրանք հաղթահարելու համար: 
  
Նիկոլոս Սամխարաձեն նշել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները, եւ դրանք պետք է կատարվեն ամբողջ տարածաշրջանում` Հայաստան-Ադրբեջան, Վրաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան: 
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը նույնպես կարեւորել է սահմանագծման եւ սահմանազատման հարցերը, ապա նշել, որ Հայաստանի եւ Վրաստանի ապագան միասին է: 
  
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ՀՀ ԱԺ եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստն անցկացնել Երեւանում: