Տպել
16.05.2023
Նախագծի ընդունմամբ Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը
1 / 8

Նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի  կառավարման, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմիններում կին  թեկնածուների համար առկա խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 16-ի նիստում:

Ըստ Լիլիթ Գալստյանի` Հայաստանը տարիներ շարունակ մի շարք միջազգային կոնվենցիաների եւ համաձայնագրերի է միացել` պարտավորվելով ապահովել կանանց առավելագույն ներկայացվածություն եւ լիակատար հավասարություն: Նրա խոսքով հրաշալի պատրաստված կանայք ունենք, որոնք կարող են արժանվույնս ներկայացնել հանրային շահերը:

«Ըստ էության` թղթի վրա հրաշալի պատկեր ունենք, սակայն մեխանիզմների եւ արդյունքների առումով դաշտը խոցելի է»,- նշել է նախագծի հեղինակը` հավելելով, որ օրենսդրական ամրագրումներով եւ քաղաքական կամքով կարող ենք շտկել իրավիճակը: Փոփոխությամբ մասնակիորեն կհաղթահարվի Հանրային հեռարձակողի խորհրդում եւ Կարգավորող պետական մարմնում կանանց թերի ներկայացվածությունը, հանրային ընկալումներում կարժեւորվի կանանց ներուժի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, գենդերազգայուն մոտեցման արդյունքում օրենսդրական մակարդակում Հայաստանը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը:

Նախագծով առաջարկվել է, որ Հանրային հեռարձակողի կառավարման, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմինների կազմում որեւէ սեռի ներկայացվածությունը երկուսից պակաս չլինի:

Ողջունելով առաջարկվող փոփոխությունը` պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկել է մեկ սեռի նվազագույն ներկայացվածությունը երկուսի փոխարեն դարձնել երեքը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը եւս ողջունել է ներկայացված փոփոխությունը` առաջարկելով աշխատանքային կարգով քննարկել պատգամավոր Հասմիկ Հակոբյանի առաջարկը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ Կառավարությունը կողմ է օրինագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ընդգրկել ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի մայիսի 23-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...