Տպել
03.05.2023
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են Ազգային ժողով
1 / 8

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ` մայիսի 3-ին, Factor TV-ում փորձաշրջան անցնող հայաստանյան բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներն այցելել են խորհրդարան, շրջայց կատարել ԱԺ նիստերի դահլիճում, հանդիպել Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Լիլիթ Մինասյանին եւ Հրաչյա Հակոբյանին:

Պատգամավորներն ու ապագա լրագրողները քննարկել են Հայաստանում մամուլի ազատության իրավիճակը, դրան առնչվող խնդիրները, մեդիաոլորտի առանձնահատկությունները, լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ պատերազմական իրավիճակում ԶԼՄ-ների գործունեությունն ու կեղծ լուրերի տարածման կանխման անհրաժեշտությունը:

«Մենք չենք պատրաստվում սահմանափակել մեդիայի ազատ խոսքը, փորձում ենք ավելի շատ մեդիագրագիտություն սերմանել հասարակության մեջ, որպեսզի մարդն ինքը տարանջատի` ինչ կարելի է կարդալ, որն է հավաստի տեղեկություն, որը` ոչ»,- երիտասարդ լրագրողներին հավաստիացրել է Հրաչյա Հակոբյանը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել պատգամավորներին հարցեր ուղղելու մեդիայի դերի, ապատեղեկատվության, լրագրողների անվտանգության, «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Պետական գաղտնիքի մասին» օրենքների վերաբերյալ:

«Եթե պահանջարկ չլինի, չի լինի առաջարկ: Պետք է հանրությունը մերժի, եւ ինքնահոս կմարեն կեղծ տեղեկություն տարածող լրատվամիջոցները»,- կարծիք է հայտնել պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը մասնագիտությամբ լրագրող է, ուսանողներին պատմել է իր մասնագիտական ուղու մասին ու կիսվել իր դիտարկումներով մեդիադաշտի ներկա իրավիճակի վերաբերյալ:

«Ասում են, որ դաշտը բեւեռացված է, դա նորմալ է: Բոլորն ունեն իրենց արտահայտվելու հարթակը, դա էլ է ազատություն, որովհետեւ ժողովրդավարության առաջնորդ համարվող ԱՄՆ-ում մեդիան նույնպես բեւեռացված է: Այս համատեքստում բեւեռացված այն հարթակների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածում, պայքարելն իմաստ չունի»:

«Եվրոպական մեդիահարթակ. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցի կառուցում» ծրագրի շրջանակում Factor TV-ն BBC Media Action-ի եւ Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջաններ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում որակյալ լրագրության ամրապնդմանն ու նպաստել մեդիամիջավայրի բարելավմանը: Փորձաշրջաններին արդեն մասնակցել է ավելի քան 30 ուսանող:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...