Տպել
26.04.2023
Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը
1 / 7

Արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները շատացել են: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ մասնակից երկրների հետ փոխօգնության համաձայնագիր կնքել: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարը նշել է, որ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետությունները միայնակ չեն կարողանում կանխարգելել հիվանդությունների հետագա զարգացումը:

Ըստ Լենա Նանուշյանի` փոխօգնությունը հիմնված է լինելու համաճարականաբանական մասնագիտացված խմբերի միջոցով օգնության տրամադրմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, Աստանայում:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանի կողմից` վերապահումով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ հատուկ կարծիք է Հայաստանը տվել համաձայնագրին ու ի՞նչ վերապահումով է Ադրբեջանը ստորագրել այն:

«Փաստաթղթի դրույթները Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվելու են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքների ամբողջական ազատման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման արդյունքներով` միջազգային իրավունքների նորմերին ու սկզբունքներին համապատասխան` ՄԱԿ-ի կանոնադրության  մեջ ամրագրված նպատակների իրագործման շահերից ելնելով», - ասել է առողջապահության նախարարի տեղակալը:

Փոխնախարարը հստակեցրել է նաեւ, թե ինչ վերապահումով է Ադրբեջանը ստորագրել համաձայնագիրը: Ըստ նրա` Ադրբեջանն իրեն չի համարում կաշկանդված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ 2015 թվականի Համաձայնագրի դրույթներով», քանի որ դրա մասնակիցը չէ:

«Համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի կողմից չեն կիրառվելու Հայաստանի նկատմամբ մինչեւ հակամարտության հետեւանքների ամբողջական վերացում ու երկու երկրների հարաբերությունների կարգավորում», - ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...