Տպել
19.04.2023
Անհատի եւ հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքն ու արդյունքները
1 / 19

2022 թվականին մենք շարունակել ենք դիմակայել համավարակով եւ անվտանգային հարցերով պայմանավորված ահռելի մարտահրավերներին եւ անշեղորեն իրացրել Կառավարության ծրագրով նախատեսված համակարգային բարեփոխումների օրակարգը: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապրիլի 19-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Խորհրդարանը շարունակել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:

Ներկայացնելով ԱՆ ռազմավարական զարգացման ճանապարհային քարտեզը` հարակից զեկուցողը նշել է, որ գործադիրի ռազմավարական նպատակն է բնակչության առողջության պահպանումը, հիվանդացության, հաշմանդամության եւ վաղաժամ մահացության նվազեցումը, կյանքի միջին տեւողության աճը եւ կյանքի որակի ու աշխատունակության բարելավումը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են մարդկանց առողջության բարելավման եւ առողջապահական համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումներ:

Ծխելու դեմ պայքարից բացի` 2022 թվականին Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են եղել նաեւ առողջ սնուցման հարցերը: Կարեւորելով առողջ ապրելակերպի վարքագծի ամրապնդման համար մանկական եւ դեռահասային տարիքի խումբը` աշխատանքներ են տարվել հենց այս խմբի համար: Հաստատվել են հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, առողջ ապրելակերպի սովորությունների ձեւավորմանը նպաստելու եւ կայուն վարքագիծ սերմանելու համար իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:

Մարզերում 50-69-ը տարեկան կանանց շրջանում իրականացվել են 10.337 մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ: Արդյունքում, 98 կնոջ մոտ հաստատվել է քաղցկեղ եւ ճիշտ ժամանակին ցուցաբերվել է բուժօգնություն` առողջացումով:

Հաշվետու տարում հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը. իրականացվել է 2096 հետազոտություն: Շարունակվել են իմունականխարգելման աշխատանքները: «Անհատի եւ հանրային առողջությունն անգնահատելի ռեսուրս է, որը մենք պետք է պատասխանատվությամբ պահպանենք եւ զերծ պահենք մեր հասարակությանը վնասակար ազդեցություններից»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով արդիական եւ բարձրորակ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում են պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների ծավալները: Միայն պետական պատվերի շրջանակում փոխհատուցված հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման ծավալները 2017 թվականի համեմատ աճել են 125 տոկոսով: 2022 թվականին ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու հնարավորություն ընձեռող ծրագիրը, որում ընդգրկվել են զինծառայող զավակ կորցրած մեր հայրենակիցները: Անցյալ տարի այս ծրագրի համար եղել է 842 դիմում, իսկ 2022 թվականի միայն առաջին եռամսյակում ստացվել է 1132 դիմում:

Կառավարության ծրագրով նախատեսված է առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում եւ արդիականացում: 2022 թվականին 13 բժշկական կազմակերպություն գտնվել է ակտիվ բժշկական շինարարական գործընթացում: Ծրագրի արդյունքում բոլոր մարզային բժշկական կենտրոններն ունենալու են արդիական ծառայություններ: Հաշվետու տարում հաստատվել է առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման ռազմավարությունը: 2018-2022 թվականներին մարզային բժշկական կենտրոններին եւ առաջնային օղակի հաստատություններին տրամադրվել են 4,9 մլրդ դրամի բժշկական սարքավորումներ: 2022 թվականից Երեւան քաղաքում բժշկական ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են միայն անկանխիկ տարբերակով, այս տարվանից կարգավորումը կսկսի տարածվել նաեւ մարզերում: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շտապ օգնության ծառայության բարեփոխումները: 2022 թվականին իրականացվել է տարիներ շարունակ հետաձգված շարունակական մասնագիտական զարգացման արդյունքում հավաստագրման գործընթացը. 32.737 բուժաշխատող բարձրացրել է իր որակավորումը, եւ այլեւս առանց հավաստագրի որեւէ բուժաշխատող չի կարող աշխատել: Առողջապահության նախարարն անդրադարձել է համապարփակ ապահովագրության հայեցակարգին` նշելով, որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային տարբերակով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` արդյո՞ք գիտնականներ հրավիրվել են ուսումնասիրելու կորոնավիրուսի պատվաստանյութերի ազդեցությունները, ստուգվե՞լ է արդյոք պատվաստված մարդկանց առողջական վիճակը, եւ արդյո՞ք պատվաստված քաղաքացիները պատվաստումից հետո երեխաներ ունեցել են, թե` ոչ: «Իրականացվել են 100 հազարավոր կանանց մասնակցությամբ հետազոտություններ: Դրանք բոլորը ցույց են տվել, որ պատվաստումները որեւէ կերպ չեն ազդել վերարտադրողական առողջության վրա»,- պատասխանել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ պատվաստանյութերը Հայաստանի Հանրապետությունը ե'ւ գնել է, ե'ւ ստացել է մեծաթիվ նվիրատվություններ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է Հայաստանում թմրամոլությանը վերաբերող վիճակագրական տվյալներով եւ թե ինչպիսի ռազմավարություն է մշակվում թմրամոլության դեմ պայքարի համար: «Թմրամոլությունն ու կախվածությունները, իսկապես, աշխարհի գրեթե բոլոր երկրների օրակարգերում ավելի լուրջ տեղ են զբաղեցնում: Նոր տեխնոլոգիաները, համացանցը թմրամիջոցների հասանելիությունը երեխաների համար շատ ավելի դյուրացնում են: Քանի որ սա միայն առողջապահական հարց չէ ու միայն Առողջապահության նախարարությունը չի կարող դրան համարժեք քաղաքականություն մշակել ու դրան համապատասխան միջոցառումներ կիրառել, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավված են ՆԳՆ, ԿԳՄՍ ու մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Մենք ունենք ռազմավարություն թմրամոլության դեմ պայքարի, ու այն թարմացվում է: Այն երեք տարին մեկ անգամ վերանայվում է ու համապատասխանեցվում տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին արձագանքելուն»,- ասել է Առողջապահության նախարարը` տեղեկացնելով, որ նկատվում է դիմելիության ու հայտնաբերելիության աճ: Նրա խոսքով վերակառուցվել է կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը, որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն եւ բուժում:

Առողջապահության նախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել նաեւ հղիության սելեկտիվ ընդհատումների, դեղերի անօրինական ներմուծման, շրջանառության դեմ պայքարի, առողջապահության ապահովագրության, ժողովրդագրության բարելավման ընդհանուր ռազմավարության վերաբերյալ:
 


19.04.2023
Նախարարության գլխավոր նպատակն է ունենալ զարգացող համայնքներ եւ մրցունակ, որակյալ ենթակառուցվածքներ. Գնել Սանոսյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքն ու արդյունքները
2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 247 մլրդ 750 մլն գումար, որից ծախսվել է 235 մլրդ դրամը կամ 95 տոկոսը: Իրականացվել է 24 ծրագիր, 146 միջոցառում: Այս մասին ապրիլի 19-ի ԱԺ արտահերթ նիստում բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթա...

19.04.2023
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտներում նախորդ տարի իրականացված աշխատանքները
Ազգային ժողովը 2022 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»: Ռազմավարական այդ փաստաթղթի գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու որակյալ եւ միջազգայնորեն մրցունակ, հասանելի կրթության ապահովումն է. ԱԺ ապրիլի 19-ի արտահերթ նիստում ասել է Կ...